Նախատեսում ենք Հայաստանում ստեղծել 300 000 աշխատատեղ . Նարեկ Կարապետյան (Տեսանյութ)


Նախատեսում ենք Հայաստանում ստեղծել 300 000 աշխատատեղ . Նարեկ Կարապետյան (Տեսանյութ)
Հունվար 20 12:10 2026

Մեր անկախության 35-րդ տարին է, և մեր երկիրը աշխարհի 110-րդ աղքատ երկիրն է։ Այսօր մեր երկիրն ունի համակարգային մեծ բարեփոխման կարիք։ Այս մասին Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի շնորհանդեսին հայտարարեց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

Նրա խոսքով՝ բարեփոխումները մինչ այս ձևավորվել են այլ օրակարգերի շուրջ։ Անկախության առաջին 25 տարիները եղել են անվտանգային համակարգի շուրջ, դրանից հետո շուրջ 7 տարին՝ հակասությունների համակարգի շուրջ, և այդ ընթացքում կար մի խնդիր, որը չէր նկատվում․ դա թուլացող Հայաստանն էր։

«Բնակչությունը պարզապես լքում էր երկիրը և այսօր էլ շարունակում է լքել։ Հայաստանի բնակչության թվաքանակը շարունակում է անկում ապրել»,-ասաց նա։

Կարապետյանը նշեց՝ երկրի բոլոր շրջաններ գնալով՝ տեսել են հիմնական խնդիրը՝ շրջաններում գործ չկա։ «Դրա պատճառով մարդիկ թողնում են իրենց ընտանիքներն այստեղ ու  գնում, և դա ունենում է բազմաթիվ հետևանքներ։ Առաջինը՝ դեմոգրաֆիական հետևանքներն են, աղքատությունը՝ շատ շրջաններում»,-ասաց նա։

Ըստ Կարապետյանի՝ շրջաններում արդյունաբերությունն ու արտադրությունը վերջին տարիներին անկում է ապրել։ «Մենք տեսնում ենք Երևանում հարկերի հիմքով ստեղծված տնտեսություն, որը ժամանակի ընթացքում չի կարող այս տեմպը պահել»,-ասաց նա։

«Ինչ քայլեր ենք նախատեսում․ ստեղծել 300 000 աշխատատեղ Հայաստանում»,-հայտարարեց Կարապետյանը՝ շեշտելով, որ այս ծրագրի տակ կա մակրոտնտեսական պլանավորված քաղաքականություն, որի հիմքում ընկած է առաջին քայլը՝ արդյունաբերականացումը։ «ՀՀ-ն զրկված է արտադրելու ստեղծարար պոտենցիալից»,-ասաց նա։