Ցեղասպանության թնգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը գրում է.
«Սիրելի հայրենակիցներ,
Նախ շնորհակալություն եմ հայտնում սրտացավ վերաբերմունքի ու ուշադրության համար:
Այսօր իմ երևանյան բնակարանում, ինչպես նաև Գյումրիում, տեղի են ունեցել զուգահեռ խուզարկություններ` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանի որոշմամբ և ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ Աննա Խաչատրյանի միջնորդությամբ:
Հիշեցնեմ, որ 2021 թվականի հունիսի 7-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանի հաղորդման հիման վրա հարուցվել էր քրեական գործ: Ստացել եմ ծանուցում, ներկայացել եմ հարցաքննությունների, երկու հարցաքննություն էլ կազմակերպվել էին իմ առաջարկով ու նախաձեռնությամբ:
Գործը վարող ավագ քննիչ Լուսինե Հայկյանին հայտնել եմ, որ ներկայացված իբր հափշտակված իրերի ցանկը կեղծ է և Հարություն Մարությանի կողմից նախաքննությանը ներկայացվել են կեղծ տվյալներ, որը քրեորեն պատժելի արարք է: Այս գրավոր ցուցմունքը տալուց մեկ շաբաթ անց գործը վարող քննիչը ինձ հայտնեց, որ իմ գրավոր ցուցմունքը կորել է: Այդ փաստի առիթով կատարեցի հանրային գրառում, որից հետո Լ. Հայկյանը գրավոր հայտնեց, որ իմ կորած ցուցմունքը հայտնաբերվել է:
Խուզարկության արդյունքում քննչական մարմիններն այսօր առգրավել են լատունից հուշամեդալ, որը թողարկվել էր 2001 թվականին` Հայաստանում քրիստոնեության 1700 ամյակի առիթով: Այն ձեռք էի բերել անցյալ տարի հոկտեմբերին Վերնիսաժից` 3000 դրամով:
Համակ ուշադրությամբ հետևելու եմ, որպեսզի հարուցված քրեական գործի շրջանակում հետևյալ անձանց բնակարաններում իրականացվեն համանման խուզարկություններ.
- Արարատ Միրզոյան, հարուցված քրեական գործի շրջանակում հիշատակել եմ վերջինիս կողմից գրքերի հնարավոր գողություն իրականացնելու վերաբերյալ, շեշտելով, որ անհրաժեշտ է ուսումնասիրել, իմ հաղորդման հիման վրա 2007 թվականին հարուցված քրեական գործի նյութերը և Ա. Միրզոյանի ցուցմունքները
- Վլադիմիր Վարդանյան, հարուցված քրեական գործի շրջանակում հիշատակել եմ վերջինիս կողմից գրքերի հնարավոր գողություն իրականացնելու վերաբերյալ, շեշտելով, որ անհրաժեշտ է ուսումնասիրել, իմ հաղորդման հիման վրա 2007 թվականին հարուցված քրեական գործի նյութերը և Վ. Վարդանյանի ցուցմունքները
- Արայիկ Հարությունյան, կասկածվում է 2018 թվականի հուլիսին իմ բացակայության ժամանակ ՀՑԹԻ տնօրենի առանձնասենյակ ներխուժելու և նյութական վնաս պատճառելու մեջ: Այս դրվագով առկա է իմ ցուցմունքը:
- Հովհաննես Հովհաննիսյան, կասկածվում է 2018 թվականի հուլիսին իմ բացակայության ժամանակ ՀՑԹԻ տնօրենի առանձնասենյակ ներխուժելու և նյութական վնաս պատճառելու մեջ: Այս դրվագով առկա է իմ ցուցմունքը:
- Հարություն Մարության, նախաքննությանը գիտակցաբար կեղծ տվյալներ տրամադրելու, իմ ստորագրությամբ կարևոր ֆինանսական փաստաթղթերի ոչնչացման, ինչպես նաև փողերի լվացման մեջ հանցակցության հիմքով
- Սուրեն Մանուկյան, իմ բացակայության ժամանակ, ինձ հակառակվելով 2017 թվականի օգոստոսին իմ առանձնասենյակ ներխուժելու և նյութական վնաս պատճառելու մեջ: Այս դրվագով առկա է իմ ցուցմունքը և երկու տեսանյութ, որոնք հանրայնացվել են:










