«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Գաղտնիք չէ, որ իշխանություններն ամեն գնով փորձում են իրենցով անել ԵՊՀ-ն, իսկ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը հլու-հնազանդ ծառայում է իշխանավորներին, կատարում է նրանց բոլոր հրահանգները, ընդդիմադիր հայացքներով դասախոսներին հեռացնում է համալսարանից՝ նրանց փոխարինելով բացառապես իշխանամետ դասախոսներով։
Ինչ խոսք, 2018-ից առաջ էլ մայր բուհը քաղաքականացված էր, իսկ նախկին լուսահոգի ռեկտոր Արամ Սիմոնյանը երդվյալ հանրապետական էր, սակայն Երեւանի պետական համալսարանն իր մեկդարյա պատմության ընթացքում երբեք այսքան քաղաքականացված չի եղել, որքան հիմա է։ Օրեր առաջ մենք գրել էինք, որ Գլխավոր դատախազության շենքում մայր բուհի իրավագիտության ֆակուլտետը լաբորատորիա է հիմնադրել։
Այժմ էլ տեղեկացանք, որ ԵՊՀ-ում պաշտոնապես բացվել է Տվյալների մշակման կենտրոն։ Այս կապակցությամբ համալսարանում ներկա են գտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ԵՊՀ-ից մեզ ասացին, որ կառավարությունն է ահռելի գումարներ հատկացրել, որպեսզի բուհը գերժամանակակից տվյալների մշակման կենտրոն հիմնադրի։
Մեզ պատմեցին, որ տվյալների մշակման կենտրոնի բացմանը ոչ միայն Նիկոլ Փաշինյանն է ներկա եղել, այլեւ՝ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, պաշտպանության նախարար, ԵՊՀ ՀԽ նախագահ Սուրեն Պապիկյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։










