Առողջապահական ապահովագրությունը ահռելի մեծ բարեփոխում է, մեկ կոճակ չէ, որ վայրկյանի ճշգրտությամբ աշխատի. Ավանեսյան


Առողջապահական ապահովագրությունը ահռելի մեծ բարեփոխում է, մեկ կոճակ չէ, որ վայրկյանի ճշգրտությամբ աշխատի. Ավանեսյան
Հունվար 15 14:06 2026

Ոչ ոք չէր ակնկալում, թե առողջապահական ապահովագրության համակարգը մեկ կոճակ է, որը պետք է սեղմենք և 100 տոկոսով մեկ վայրկյանի ճշգրտությամբ բոլոր օղակներում աշխատեր. լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Սա ահռելի մեծ բարեփոխում է, որը իր մեջ ներառում է շուրջ 1,6 մլն մարդ, բուժաշխատողների մեծ շրջանակ։ Այո, կան փոքր տեխնիկական խնդիրներ, որոնք ընթացքում են շտկվում։ Կան նաև աշխատանքներ, որոնք ուղղված են համակարգը մարդկանց համար ավելի պարզ և հեշտ դարձնելուն, և դրանք շարունակական են լինելու»,-ասաց նախարարը։

Նրա խոսքով՝ սպասարկման ժամկետների կրճատման, որոշ կարգավորումների վերանայման և փոփոխությունների անհրաժեշտություն ևս կա, սակայն այդ ամենը նորմալ գործընթաց է նման մասշտաբային բարեփոխման պարագայում։

«Կարծում եմ՝ համակարգը պատրաստ էր։ Սա այնպիսի փոփոխություն է, որի ընթացքում անխուսափելիորեն ի հայտ են գալիս շտկման կարիք ունեցող հարցեր»,-նշեց Ավանեսյանը։

Անդրադառնալով ծառայությունների ցանկին՝ նախարարը տեղեկացրեց, որ ավելի քան 1000 ծառայությունների ցանկում կան ծառայություններ, որոնց մասով հարցեր են բարձրացվել՝ գների կամ չափաբաժինների վերաբերյալ․

«Մենք հավաքելու ենք բոլոր արձագանքները, տարվելու են աշխատանքներ՝ հասկանալու համար, որոնք են օբյեկտիվ խնդիրները, և միասնական կերպով աշխատելու ենք դրանց շուրջ»։