Վահագն Խաչատուրյանը վերջին պահին փոշմանել է․ «Հրապարակ»


Վահագն Խաչատուրյանը վերջին պահին փոշմանել է․ «Հրապարակ»
Հունվար 13 09:29 2026

«Հրապարակ» թերթը գրում է.

 

Մեր տեղեկություններով՝ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանը տարեվերջին որոշել է այցելել առաջնագիծ, թերեւս վերականգնել նախկին նախագահների կողմից տարիներ շարունակ ավանդական դարձած տարեվերջյան այցերը սահման պահող զինվորներին, նախապես տեղեկացվել է նրա այցի մասին, որը նախատեսված է եղել Երասխի հատվածում։ Խաչատուրյանի այցին ընդառաջ, մի քանի օր շարունակ նախապատրաստել են դիրքերը, մաքրել, համապատասխան կահավորել, սակայն վերջին պահին Խաչատուրյանը հրաժարվել է առաջնագիծ այցից եւ սահմանափակվել է միայն Արարատի զորամաս այցելությամբ, որի մասին նաեւ պաշտոնական հաղորդագրությամբ է տեղեկացվել.

«Ամանորյա տոներին ընդառաջ, հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է հայաստանյան սահմանային զորամասերից մեկը եւ խրախուսական նվերներ հանձնել հրամանատարական կազմի ներկայացուցիչներին եւ ժամկետային զինծառայողներին»: Թե ով եւ ինչու է նրան հետ պահել այդ մտքից, պաշտոնապես չհաջողվեց պարզել, ըստ լուրերի՝ իր քայլի մասին նախագահը զեկուցել է Փաշինյանին, նա հավանություն չի տվել։