Պետական գաղտնիքի գործը 4 տարի է՝ քննում են. «Ժողովուրդ»


Պետական գաղտնիքի գործը 4 տարի է՝ քննում են. «Ժողովուրդ»
Հունվար 13 08:22 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ ՊՆ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի նկատմամբ պետական գաղտնիք հրապարակելու առիթով հարուցված քրեական գործը ճառերի փուլ է մտել: Մեղադրող դատախազը ասել է իր ճառը, սպասում են Մովսես Հակոբյանի պաշտպանական կողմը եւս ասի իր ճառը ու դատարանը գնա որոշում կայացնելու:

 

4 տարի է դատարանը քննում է ՀՀ ՊՆ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի նկատմամբ պետական գաղտնիք հրապարակելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը ու որոշումը դեռ չկա:

 

Հիշեցնենք, որ ԱԱԾ-Ն ՀՀ ՊՆ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի նկատմամբ պետական գաղտնիք հրապարակելու փաստի առթիվ հարուցել էր քրեական գործ, քանի որ նա պատերազմի ընթացքի մասին մի շարք աղմկահարույց բացահայտումներ էր արել: Ասուլիսի ընթացքում Հակոբյանը նշել էր, որ պատերազմի ընթացքում զորահավաք չէր իրականացվում՝ անմիջապես Նիկոլ Փաշինյանի հրահանգով, շեշտել, որ ԱԱԾ հատուկ ծառայությունները հրաժարվել են գործողություններ իրականացնել:

 

Գործը մակագրվել էր դատավոր Վաչե Մարգարյանին, որը հրաժարվել էր քննել այն՝ նշելով, որ Մովսես Հակոբյանի զինվորն է եղել ու նրա կողմից խրախուսանքի է արժանացել, ինչի արդյունքում գործը մակագրվել էր դատավոր Մանվել Շահվերդյանին, որին էլ հրահանգվել էր նիստն անցկացնել դռնփակ, քանի որ այդպես է պետք: Ի դեպ այս քրեական գործը 4 տարի է դռնփակ է քննվում: Դատելով իրավիճակից՝ իշխանությունները վախենում են, որ Մովսես Հակոբյանը պատերազմի մասով դատարանում այնպիսի փաստեր կներկայացնի, որոնց հանրայնացումը անհարմար դրություն կստեղծի, ուստի իրավիճակը լուծելու լավագույն տարբերակը դատական տեղեկատվական համակարգը փակելն է ու քրեական գործով նիստը դռնփակ անցկացելը, թեեւ, հիշեցնենք, Հակոբյանն իր ասուլիսի ժամանակ ամեն ինչի մասին հրապարակավ էր խոսել»»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: