«Վեհափառի դեմ քարոզչական արշավը հենց այնպես չէր սկսվել։ Այն սրվեց այն պահից, երբ նա արտասահմանում բարձրաձայնեց Արցախի հարցը՝ այն պահին, երբ պետությունն անտեսում էր Արցախի ճակատագիրը։ Այս ֆոնին Վրթանես Սրբազանի՝ Փաշինյանի հետ հանդիպմանը գնալը, հատկապես այն ժամանակ, երբ Արցախը ամբողջությամբ հանձնված է, և երբ Վեհափառը հենց Արցախը բարձրացնելու համար ենթարկվեց հարձակումների, ակամա ստեղծում է շատ վատ տպավորություն,- Aysor.am-ին ասաց արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը:
Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը հանդիպել է մի խումբ եպիսկոպոսների հետ, որոնց մեջ էր նաև Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:
Ռոման Երիցյանի խոսքով՝ Արցախի թեմի առաջնորդը այսօր պետք է լիներ այն մարդը, որը մինչև վերջ պահում է Արցախի հարցը օրակարգում, ոչ թե հանդիպում մեկի հետ, ում որոշումների հետևանքով Արցախը կորսվեց. «Արցախի թեմի առաջնորդի՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելը, ձեռքը սեղմելը և հատկապես խոնարհվելը խորը ցավ ու զայրույթ է առաջացնում։ Արցախն իր վանքերով, եկեղեցիներով, խաչքարերով, գերեզմաններով ու սրբավայրերով Ադրբեջանին հանձնելու քաղաքական որոշման պատասխանատու անձին նման հարգանքի կամ պատվի արժանացնելը իմ, և վստահ եմ՝ հազարավոր արցախցիների համար ոչ միայն անընդունելի է, այլև ուղղակի ստորացուցիչ: Տեր Վրթանե՛ս, գնա ապաշխարվիր այս մեղքիդ համար ու հրապարակավ ներողություն խնդրիր բոլոր արցախցիներից»։










