Սպшնված Տիգրանի քույրն ու եղբայրները ագրեսիվ վարք ունեն․ մանրամասներ


Սպшնված Տիգրանի քույրն ու եղբայրները ագրեսիվ վարք ունեն․ մանրամասներ
Նոյեմբեր 27 20:55 2025

Ծափաթաղում սպանված 3-ամյա Տիգրանի քույրը և երեք եղբայրները գտնվում են «Մարդիգյան» երեխաների պաշտպանության կենտրոնում, որտեղ առաջին հերթին ստանում են հոգեբանական, իսկ նրանցից մեկը նաև հոգեբուժական աջակցություն: 24News-ի հետ զրույցում այս մասին հայտնեց կենտրոնի տնօրեն Միրա Անտոնյանը:

«Դեռ շատ դժվարություններ ունեն երեխաները, դեռևս հարմարվելու խնդիր կա, ուսումնասիրության փուլում ենք, պիտի հասկանանք՝ ինչ է կատարվում նրանց հետ: Նրանք տեղի ունեցած դեպքի ազդեցության ու տպավորության տակ են»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղից անհետացել, ապա նոյեմբերի 2-ին սպանված էր հայտնաբերվել 3-ամյա Տիգրանը: ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հայտնել էր, որ փոքրիկին խեղդելով սպանել է նրա հայրը, ապա, տեղից տեղ տեղափոխելով, թողել էր հարևան երկու գյուղերի դաշտերում:

Միրա Անտոնյանը մեզ հետ զրույցում նաև նշեց, որ երեխաները դպրոց չեն հաճախում, և որ դա իրականում ամենահեշտ լուծելի հարցն է, մինչև այդ, ավելի դժվար խնդիրները պիտի լուծվեն:

«Երեխաները ագրեսիվ վարք են ցուցաբերում, չխոսող երեխան ուրիշ երեխաների վրա փորձում է իրականացնել այն, ինչ տեսել է, որ արել են իր 3 տարեկան եղբոր հետ: Ուզում է կրկնել վարքը: Մենք առաջին հերթին այս խնդիրները պետք է լուծենք»:

Միրա Անտոնյանը նաև նշեց, որ այս մեկ ամսվա ընթացքում երեխաների մայրը մի քանի անգամ այցելել է զավակներին, նրանք ջերմ են ընդունել մորը:

«Երեխաները կարոտում են իրենց մորը, իրենց տունը, դե գիտեք, շատ բնական է, անգամ ամենավատ տունն էլ կարող են երեխաները կարոտել: Բայց իրենց տուն տանել չենք կարող, դեռ երկար կմնան մեզ մոտ»: