Տաշիրի հիվանդանոցում բժիշկներին չի հաջողվել փրկել 11-ամյա տղայի կյանքը


Տաշիրի հիվանդանոցում բժիշկներին չի հաջողվել փրկել 11-ամյա տղայի կյանքը
Նոյեմբեր 27 11:23 2025

Երեկ՝ նոյեմբերի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 07:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տաշիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Տաշիր» բժշկական կենտրոնում երեխա է մահացել: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Տաշիրի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Պալյանի գլխավորությամբ: 
 
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և մահացածը Տաշիրի բնակիչ, 11-ամյա Գագիկ Ա.-ն է, ով հիվանդանոցում բուժանձնակազմի ներկայությամբ մահացել է: 
 
Դեպքի մասին ոստիկանության Տաշիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: 
 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ժամեր անց երեխայի 36-ամյա հայրը դիմել է ոստիկանության Տաշիրի բաժին և հայտնել, որ երեխան մահացել է նշված բժշկական կենտրոնի բժիշկների անգործության և բժշկական սխալի պատճառով:  
 
Դեպքի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 
 
Քննիչի որոշմաբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: