Քաղաքականությունը հո հացի հե՞րթ չէ, որ զիջենք. Շարմազանով


Քաղաքականությունը հո հացի հե՞րթ չէ, որ զիջենք. Շարմազանով
Նոյեմբեր 26 23:02 2025

«Քաղաքականությունը մրցակցություն է, որը բաց է  մասնակցության համար: Թաթոյանը տանում է Էդմոն Մարուքյանի թեզի՞ն: Քաղաքականությունը հո հացի հե՞րթ չի, որ զիջենք»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով «Միասնության թևեր» շարժման ղեկավար Արման Թաթոյանի պնդումները, թե պաշտոնաթող նախագահները, «եթե իսկապես ուզում են, որ Նիկոլ Փաշինյանը պարտվի, ապա  չպետք է մասնակցեն  2026 թվականի ընտրապայքարին»:

«Եթե Սերժ Սարգսյանը չի մասնակցում, այսինքն, ՀՀԿ-ն չլինի՝ Շարմազանովը, Արմեն Աշոտյանը, Հայկ Մամիջանյանը, Աննա Մկրտչյանը… չլինեն, բա ո՞վ լինի: Նրանք, ովքեր 2018-ին այս մարդկանց հետ ջերմ հարաբերությունների մե՞ջ են եղել:

Եթե Թաթոյանը ժողովրդավարության արժեքների կրող է,  թող բոլորն էլ մասնակցեն, տեսնենք՝ ով, ում ինչքան է վստահում: Այս ջերմոցային պայմաններում՝ դու մի մասնակցի, նա չմասնակցի… ես նախապայմաններով  քաղաքականության գործընթացներին դեմ եմ, բոլորն էլ թող մասնակցեն՝ Նիկոլն էլ, Պողոսն էլ, ի՞նչն է խնդիրը»,- ասաց Շարմազանովը:

Թաթոյանի մեկ այլ դիտարկմանն էլ, թե Հայաստանի ներքաղաքական կյանքը «վերածված է մրցավազքի նախկինների և  Փաշինյանի միջև», իսկ «երբ ընտրությունը և մրցավազքը Փաշինյանի և նախկին նախագահների միջև  է, ապա Փաշինյանը միշտ հաղթելու է», Էդուարդ Շարմազանովն այսպես արձագանքեց.

«Դու էլ այնքան եղիր, որ Փաշինյան ու նախկիններ չլինեն, լինի Փաշինյան ու Թաթոյան: Ինքը ի՞նչ է՝ ապագա՞ն  է»:

Շարմազանովը նկատեց, որ «ներկա- նախկիններ» թեզը փաշինյանական  արհեստական թեզ է.

«Ինձ համար կա բաժանում՝ ազգային- ապազգային, պետականամետ- ապապետականամետ, պրոհայկական-պրոադրբեջանական, Անկախության հռչակագրի ջատագով-Հայաստանի ադրբեջանացման ջատագով: Ի՞նչ է նշանակում՝ սա չմասնակցի, նա չմասնակցի: Այսինքն՝ նախկին նախագահները չմասնակցեն, ռեսուրսը տան Թաթոյանին, ասեն՝ գնա, մասնակցի՞ ...»:

Էդուարդ Շարմազանովը նաև հիշեցրեց՝ նախկին 3 նախագահներն էլ հաղթանակի խորհրդանիշ են.

«Իսկ բոլոր նրանք, որ նախկին -ներկա արհեստական բանավեճի մեջ են, սպասարկում են նիկոլական օրակարգը»: