Հայաստանի տարբեր մարզերի անտառներում և ցանքատարածություններում արդեն մի քանի օր է՝ լայնամասշտաբ հրդեհներ են: Կրակի բռնկման պատճառների մասին պաշտոնապես դեռ ոչինչ չեն հայտնում: Այս ընթացքում տարբեր քաղաքական ու հասարակական գործիչներ կասկածներ են հայտնում հրդեհի բռնկման հնարավոր մարդկային գործոնի մասին: Քննչական կոմիտեն, պարզվում է՝ քրեական վարույթ չի նախաձեռնել պարզելու՝ ի վերջո կա՞ մարդկային գործոն՝դիտավորություն կամ անզգուշություն:
«Հայաստանում հրդեհների դեպքով քրեական վարույթ չի նախաձեռնվել: Դեպքի առթիվ հաղորդում չի ստացվել։ Երբ ստանանք, օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի»,- Aysor.am-ին ասացին Քննչական կոմիտեից:
Հիշեցնենք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը երեկ էլ, այսօր էլ հայտարարել է, որ հրդեհները պատահականություն չի համարում: Ըստ պատգամավորի՝ հրդեհների՝ տարբեր հատվածներում լինելու հանգամանքը մարդկային ներգործության վերաբերյալ կասկածներ է առաջացնում: Պատգամավորի խոսքով՝ քննությունը պետք է պարզի՝ անզգուշությո՞ւն, թե՞ դիտավորություն է եղել:










