Այրվում են Դիլիջան ազգային պարկի անտառները․ կրակը ուժգնորեն տարածվում է, հրդեհաշիջման աշխատանքները չեն տալիս իրենց արդյունքը․ Դանիելյան


Այրվում են Դիլիջան ազգային պարկի անտառները․ կրակը ուժգնորեն տարածվում է, հրդեհաշիջման աշխատանքները չեն տալիս իրենց արդյունքը․ Դանիելյան
Նոյեմբեր 25 21:50 2025

Այրվում են Դիլիջան ազգային պարկի անտառները: Հրդեհը բռնկվել և տարածվում է միանգամից 4 օջախով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

 

«Հրդեհներ են «Կազաչի» հատվածում, Նավուր բնակավայրի մոտակայքում, Դիլիջանի ոլորաններին հարակից անտառում և Շիրակի մարզի Ձորաշեն բնակավայրի մոտակայքում:

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են մեծաքանակ հրշեջ-փրկարարներ, պարեկներ, կամավորներ:

 

Ի դեպ, ուզում եմ շնորհակալություն հայտնել հրշեջ-փրկարարներին՝ անձնազոհ աշխատանքի համար:

Ցավոք, կրակը ուժգնորեն տարածվում է, և հրդեհաշիջման աշխատանքները դեռևս չեն տալիս իրենց արդյունքը:

Հրդեհի բռնկման պատճառները դեռևս հայտնի չեն, քննարկվում է նաև դիտավորության վարկածը:

Հիշեցնեմ, որ տևական ժամանակ է, ինչ Հայաստանի տարբեր շրջաններում լայնամասշտաբ հրդեհներ են տարածվում: Մինչ այս էլ հրդեհ էր բռնկցել Ճամբարակ-Թթուջուր հատվածում:

Սա աղետ է, չափազանց վտանգավոր միտում, որը կանխելու ուղղությամբ պատկան մարմինները պետք է ձեռնարկեն գործուն քայլեր՝ բնակիչների շրջանում իրազեկումից մինչև քննության պատշաճ իրականացում:

Այլապես, ոչնչանում են անտառները, աղտոտվում է օդը, ահռելի վնաս է հասցվում էկոհամակարգին»,-գրել է նա: