Հայաստանը սառեցրել է հնդկական Tejas մակնիշի կործանիչների ձեռքբերման գործարքը, այս մասին գրել է իսրայելական Jerusalem Post պարբերականը։
Ըստ այդ պարբերականի՝ Հայաստանն այդ քայլին է գնացել Դուբայի ավիավթարից հետո։
Նշվում է, որ Հայաստանը բանակցություններ էր վարում Հնդկաստանի կառավարության և HAL ինքնաթիռաշինական ընկերության հետ՝ 1.2 միլիարդ դոլարով 12 ինքնաթիռ գնելու վերաբերյալ, որը պետք է լիներ ինքնաթիռի առաջին արտահանման գործարքը։
Նոյեմբերի 3-ին Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել էր՝ Հայաստանն իր կարիքներին համապատասխան շարունակելու է բարեփոխումները, այդ թվում՝ նաև սպառազինության ու ռազմական տեխնիկայի գնումները։
Նախարարը, սակայն, հերքել էր հնդկական մամուլում տեղ գտած լուրը, թե Հայաստանը կործանիչներ է ցանկանում ներկրել։
«Մենք նման պայմանավորվածություն չունենք»,- ասել էր Պաշտպանության նախարարը։










