«Խոստացել է կյանքը տալ իշխանության թելադրանքին չենթարկվելու համար, բայց պատարագին արել է հակառակը». Բացառիկ մանրամասներ՝ Տեր Երվանդի ու Վեհափառի հանդիպումից


«Խոստացել է կյանքը տալ իշխանության թելադրանքին չենթարկվելու համար, բայց պատարագին արել է հակառակը». Բացառիկ մանրամասներ՝ Տեր Երվանդի ու Վեհափառի հանդիպումից
Նոյեմբեր 24 22:55 2025

Aysor.am-ին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում նոյեմբերի 23-ին պատարագ մատուցած  Երվանդ քահանա Բաբայանի և Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիպումից: 

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ պատարագին Տեր Երվանդն էլ այն անցկացրեց կանոնական խախտումներով՝ չտալով կաթողիկոսի անունը: 
 Մեր աղբյուրը հաստատեց տեղեկությունը, որ պատարագի նախորդ օրը՝ նոյեմբերի 22-ին, քահանան հանդիպել է  Վեհափառին: Մեր տեղեկություններով՝Տեր Երվանդը  ասել է Վեհափառին, որ երբեք իշխանության կամքին չի ենթարկվի: 

Տեր Երվանդը իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, թե Վեհափառի հետ հանդիպման ժամանակ իր  մտահոգություններն է  հայտնել մեր եկեղեցու կյանքը խռոված երևույթների նկատմամբ: Մեր աղբյուրը հերքեց այս տեղեկությունը՝ ասելով, որ քահանան որևէ մտահոգություն չի հայտնել Վեհափառի հետ հանդիպման ժամանակ:

«Վեհափառին լրիվ հակառակ բաներն է ասել, ինչ արել է: Վեհափառին ասել է՝ կյանքս կտամ, բայց իշխանության թելադրանքին չեմ ենթարկվի»,- փոխանցեց մեր աղբյուրը: 

Կանոնական խախտումներով պատարագն անցկացրած Տեր Երվանդը բացատրություն է ավելի ուշ տվել, թե ինչու կաթողիկոսի անունը չտվեց պատարագին: Քահանան ասել է, թե իբրև թե Վեհափառի հետ հանդիպումից հետո երեկոյան համացանցում տեսել է Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ Սրբազանին ուղղված մեղադրանքները՝ «դավաճան», «Բրուտոս» որակումներով և այնքան է սրտնեղել, որ իբրև թե դրանից հետո որոշել է վարվել այնպես, ինչպես պատարագին վարվեց: