Բաքվում նստածը գոնե գիտի, որ թշնամու կողմից է գերեվարվել, իսկ մեզ մենք ենք գերի պահում. Դանիելյան


Բաքվում նստածը գոնե գիտի, որ թշնամու կողմից է գերեվարվել, իսկ մեզ մենք ենք գերի պահում. Դանիելյան
Նոյեմբեր 19 11:34 2025

«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը գրում է․ «Իրականում Բաքվում գտնվող գերիներին կարելի է նախանձել, իրենց գերությունը շատ ավելի պարզունակ է, քան մերը: Հայաստանի բնակչության մի մասը գտնվում է սեփական ինքնախաբեության գերության ճիրաններում: Այս մարդկանց դիմաց թալանի, նախկինների ու պայծառ ապագայի տեսքով դրոշակներ են թափահարում, որպեսզի մի քանի տարին մեկ հանեն-տանեն ընտրատեղամաս, տիրանան նրանց քվեներին ու հետո առանց խղճի խայթի ղրգեն տուն: Էս մարդիկ էլ արդեն վաղուց զգում են, որ շարքային խաբեբաների հետ գործ ունեն, բայց նախընտրում են խաբվել, ինքնախաբվել, բայց չընդունել այն դաժան իրականությունը, որտեղ իրենց ոչինչ չի հուսադրում ապագայի նկատմամբ:

Մի ստվար զանգված էլ կա, որ որևէ քաղաքական պրոցեսի չի ուզում մասնակցել՝ սեփական կոմֆորտի զոնան պահպանելու մոլուցքից ելնելով: Այդ զոնան անընդհատ փոքրանում է, դաժան իրականությունը անընդհատ հիշեցնել է տալիս իր ցավոտ հետևանքների մասին, բայց այս՝ մեծամասնություն կազմող խումբը, նախընտրում է մնալ թմբիրի գերության մեջ: Երկրում բանակ չկա, նրանք կմխիթարվեն զինծառայության ժամկետի նվազմամբ: Երևանը դարձել է աշխարհի ամենաթանկ քաղաքներից մեկը, նրանք կմխիթարվեն էժան տոմսերով դեպի Եվրոպա: Նրանք ամեն ինչ կանեն, որպեսզի արդարացնեն իրենց ապաքաղաքական լինելը, քանի որ քաղաքական դաշտը, մեղմ ասած, հրապուրիչ չէ, հետևաբար նախընտրելու են մնալ սեփական կոնֆորմիզմի ու կոմֆորտի գերին:

Գերության մեջ են նաև այն մարդիկ, որ տարիներ շարունակ փորձում են ինչ-որ բան անել, բայց անընդմեջ անում են նույն բանը` ակնկալելով այլ արդյունք (Էնշտեյնը էս մարդկանց էր իսկական խենթ համարում): Էս մարդկանց համար ակտիվության իմիտացիան դարձել է ավելի կարևոր, քան բուն արդյունքը, քանի որ իրական արդյունքն արձանագրելը չափից դուրս ցավոտ է: Ակտիվության իմիտացիան էլ ցավազրկողն է, որի գերին են նրանք դարձել:

Գերության մեջ է Նիկոլը: Նրա թերարժեքության բարդույթներն իրեն անընդհատ դրդում են գնալ ավանտյուրաների, որոնց արդյունքում նա վաստակել է պատուհասի համբավ, բայց այդ պիտակից խուսափելու համար շարունակում է մտնել էլ ավելի անիմաստ ու վտանգավոր ավանտյուրաների մեջ: Օրինակ, պատմության էջերում ազգակործան պատուհաս չլինելու համար նա որոշում է ոչնչացնել հայոց պատմությունը: Իր բոլոր որոշումները բերում են մի նոր աղետ` հին որոշման աղետը մոռացության տալու համար: Նա էլ իր էության գերին է։

Սեփական կամքով գերի է նաև Քոչարյանը, անդադար փորձելով գործարքների գնալ, նա ամեն անգամ էլ ավելի է վատթարացնում սեփական վիճակը, բայց համառորեն շարունակում է շարժվել նույն փակ ցիկլով: Նա չի կարողանում հասկանալ՝ ինչու 20 տարի առաջ հաջողվում էր ցանկացած շրջանակի հետ լեզու գտնել ու փոխշահավետ գործարք կնքել (անձամբ իր համար), իսկ հիմա իր գործարքներից շահում է միայն հակառակ կողմը: Ամեն ընտրությունից առաջ բացվում է մարտի 1-ի գործ, ամեն անգամ նա, թեման փակելու դիմաց, վիզ է առնում խաղալ իրեն հատկացված նախընտրական և հետընտրական դերը, բայց իր կյանքը դրանից չի թեթևանում:

Գերի են Տեր-Պետրոսյանն ու Սարգսյանը: Իրենց գերեվարել են այն մարդիկ, որ այդ երկուսից սարքել են կուռք, ու թեկուզ պաշտամունքն ակնհայտորեն խիստ շահադիտական բնույթ է կրում, այս երկուսը միևնույն է նախընտրում են վայելել իրականությունը խլեցնող, փոքրիկ, բայց հավակնոտ երկպագուների օվացիաները:

Գերի են նաև նրանք, որ այս ամենը հասկանում են, բայց ոչ մի բան չեն կարողանում անել… սրանք իրականության գերիներն են:

Բաքվում նստածը գոնե գիտի, որ թշնամու կողմից է գերեվարվել, մինչդեռ մեզ հենց մենք ենք գերի պահում»: