Դիպլոմ՝ կանխիկի դիմաց. հնդիկ ուսանողները` իրենց խաբած գործակալների մասին


Դիպլոմ՝ կանխիկի դիմաց. հնդիկ ուսանողները` իրենց խաբած գործակալների մասին
Հոկտեմբեր 7 22:35 2025

«Հետքը» գրում է․

Գյումրու «Պրոգրես» համալսարանի նախկին հնդիկ ուսանողները դիմել են «Հետք»-ին՝ պատմելով, որ համալսարանի տարածքում գրասենյակ ունեցող հնդիկ գործակալներ Ասիմ Շարման, նրա կինը և Յոգենդրա Գուրջարը ուսման վճարից ավել կանխիկ գումար են պահանջում ուսանողներից՝ դիպլոմի և բժշկի որակավորման համար: Նախկին ուսանողները պնդում են, որ գործակալները գործում են համալսարանի ռեկտոր Ռաֆիկ Խաչատրյանի թողտվությամբ ու նրա հետ ներքին պայմանավորվածությամբ: 

Նրանց խոսքով՝ համալսարանում բարձիթողի վիճակ է, իսկ հնդիկ ուսանողների հետ կապված բոլոր որոշումները կայացնում են հնդիկ գործակալները: 

Դեպի Հայաստան՝ դիպլոմի հույսով. Աայուշ Պատելի և Գուրանգ Ջագգիի պատմությունները

Աայուշ Պատելը 27 տարեկան է, Հնդկաստանի Ինդաուր քաղաքից է: Հայաստանում սովորելու մտադրություն առաջացել է այն ժամանակ, երբ իր քաղաքի կրթական խորհրդատուներից մեկը՝ Ֆահիմ Խանը, նրան պատմել է Հայաստանում գործող Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի մասին: Խորհրդատուն Աայուշ Պատելին ներկայացրել է Ասիմ Շարմային: 2018 թվականի հուլիսին Աայուշ Պատելը եկել է Երևան: 

Այդ ժամանակ Ասիմ Շարման Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանում աշխատել է որպես գործակալ: Շարման Աայուշին դիմավորել է Երևանում՝ Զվարթնոց օդանավակայանում, տարել է նրան «Ալեպպո Հոթել» հյուրանոց: Նույն թվականին նա ընդունվել է Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարան: 

Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանում սովորելու ժամանակ Աայուշ Պատելը և մյուս հնդիկ ուսանողները, որոնք սովորել են նույն համալսարանում, ապրել են «Ալեպպո Հոթել» և «Նուռ» հյուրանոցներում:  

Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանում Աայուշ Պատելը սովորել է 4 տարի՝ մինչև համալսարանի փակվելը: 2022 թվականի փետրվարի 18-ին ԿԳՄՍ նախարարի հրամանով Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանը դադարեցրել է իր գործունեությունը: Որոշման համար հիմք են հանդիսացել լիցենզավորման կարգով սահմանված լիցենզիայի տրամադրման պայմանների, պրոֆեսորադասախոսական կազմի և այլ պահանջների խախտումները: 

Համալսարանի փակվելուց հետո դիմել է Հայաստանում գործող այլ համալսարաններ՝ ընդունվելու և ուսումը շարունակելու նպատակով: Նա դիմել էր «Հայբուսակ» համալսարան, «Գլաձոր» համալսարան, Հայկական բժշկական ինստիտուտ, սակայն դրանցից ոչ մեկը չի հաջողվել ընդունվել: Իր գործակալը՝ Ասիմ Շարման, առաջարկել է տեղափոխվել Գյումրու «Պրոգրես» համալսարան: Այլընտրանք չունենալով՝ Աայուշ Պատելը համաձայնել է սովորել Գյումրու «Պրոգրես» համալսարանում: 

Գրեթե նույն կերպ Գյումրու «Պրոգրես» համալսարանում է հայտնվել մեկ այլ հնդիկ ուսանող՝ Գուրանգ Ջագգին: Նրա հետ խոսել ենք հեռախոսազանգով, ներկայում նա ապրում է Հնդկաստանում: 

Ջագգին նույնպես ծանոթացել է Ասիմ Շարմայի հետ 2018 թվականին, երբ եկել էր Հայաստան՝ Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանում սովորելու: Նա պատմում է, որ գործակալն իրեն խաբել է ի սկզբանե՝ ասելով, թե Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանը Հայաստանի ամենամեծ ու ամենալավ համալսարանն է:

«Իրականում պարզվեց, որ Թերեզան փոքր համալսարան է, չէի հավանել, քանի որ մտածում էի՝ լավ կրթություն այնտեղ չեմ ստանա, ուզում էի տեղափոխվել: Իմ գործակալը՝ Ասիմ Շարման, ասել էր՝ եթե դուր չի գալիս համալսարանը, կարող եմ տեղափոխվել ուրիշ տեղ սովորելու»,- ասել է Գուրանգ Ջագգին: 

Նա պատմում է, որ 2019 թվականին Ասիմ Շարմայի միջոցով Ջագգին տեղափոխվել է Հայկական բժշկական ինստիտուտ: Այդ թվականին 8 հնդիկ ուսանող էր սովորում ինստիտուտում:  

«Համալսարանը լավն էր, ամեն ինչով պատրաստված ու հագեցած համալսարան էր: Մենք ժամանակին կատարում էինք համալսարանի վճարները գործակալին, բայց մեր գործակալի ու համալսարանի միջև հարաբերությունները վատն էին: Ինստիտուտում սովորելու երկրորդ տարում մեզ ասել են, որ չեն ուզում հնդիկ ուսանողների հետ աշխատել ու խնդրել էին տեղափոխվել ուրիշ կրթական հաստատություն»,- պատմել է Ջագգին: