«Կան որոշումներ, որոնք իրենց բնույթով անձնական կամ կադրային լինելուց ավելի խորքային են։ Դրանք հետեւանքային են ու ուղերձ են սահմանվող «արժեքների» վերաբերյալ, արժեքներ, որոնք պետությունը, այս դեպքում՝ ԵՊՀ-ն պատրաստ է պաշտպանել կամ զոհաբերել»,-գրում է սահմանադրական իրավունքի մասնագետ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։
Նա ընդգծում է.
«Գագիկ Ղազինյանի հեռացումը մեր հարազատ բուհից նմանաբնույթ որոշում է՝ հակաիրավական, քաղաքական, քինախնդիր, մանրոգի, հակադրումն այն արժեքների, որոնք մենք ստացել ենք եւ, ընդհանրապես, ուսանողը պետք է ստանա բուհում։
Ընկեր Ղազինյանն այն մարդն է, ով կրթել է իրավաբանների սերունդների՝ սովորեցնելով մտածել՝ նախքան խոսելը, հարգել իրավունքը՝ իշխանությունից առավել, և հասկանալ, որ իսկական կրթությունը սկսվում է դժվար հարցեր տալու համարձակությունից։
Բայց արի ու տես, որ այս պատգամները ճկվում են՝ ըստ շահագրգռվածության։
Համալսարանը չպետք է վերածվի մի վայրի, որտեղ դասավանդելու իրավունքը որոշվում է քաղաքական հայացքներով։ Այն պահից, երբ ակադեմիական ազատությունը զիջում է քաղաքական նպատակահարմարությանը, համալսարանը կորցնում է էությունն ու առաքելությունը։
Ամոթ ու ափսոսանք։
Ես իմ համերաշխությունն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր հավատում են, որ համալսարանը պետք է մնա ազատ մտքի տարածք, որ դասախոսը պետք է գնահատվի իր գիտելիքով ու հեղինակությամբ, այլ ոչ թե քաղաքական հայացքներով, և որ կրթությունը երբեք չպետք է դառնա քաղաքական հաշվեհարդարի զոհը եւ համարձակություն ունեն դիմադրելու այս արժեքների դեմ ոտնձգությանը։
Ընկեր Ղազինյանի վաստակը թե՛ Հայաստանի Հանրապետության իրավական պատմության մեջ, թե՛ համաշխարհային գործընկերային ակադեմիական համայնքում արձանագրված է ու անջնջելի, դուք ի՞նչ ավանդ եք թողելու սերունդներին»։










