Անցյալում վարժական հավաքները հաճախ ձևական բնույթ էին կրում, մինչդեռ այսօր դրանք իրականացվում են ըստ բովանդակության և նշանակության, ԱԺ-ում այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։
Փոխնախարարի խոսքով՝ հավաքների 24 օրից շուրջ 10 օրը զինծառայողները մասնագիտական ուսումնասիրությունների և ունակությունների զարգացման գործընթացի մեջ են, մնացած ժամանակահատվածում էլ ներգրավվում են ծառայության իրականացման մեջ, այդ թվում՝ մարտական հերթապահության։
«ԱԺ-ում ընդունվել են օրենսդրական փոփոխություններ, որոնցով ամրագրվել է, որ վարժական հավաքներին մասնակցող քաղաքացու վարձատրությունը չի կարող նվազել»,- ասաց նա։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ հայտարարեց՝ վերջին երկու-երեք տարիներին կառավարությունը վարժական հավաքների շուրջ ընդունել է բազմաթիվ փոփոխություններ, որոնք հիմնականում վերաբերում են խստացումներին ու հստակեցումներին։
«Շատ քաղաքացիներ խուսափում են վարժական հավաքներից՝ պայմանավորված անվստահությամբ, անպաշտպանվածությամբ, ընտանիքից և աշխատանքից կտրված լինելու հանգամանքով», - նշեց պատգամավորը։
Ըստ Մանուկյանի՝ մարզերից քաղաքացիները պարտաճանաչ մասնակցում են հավաքներին, մինչդեռ Երևանում խուսափումները շատ են։
Պատգամավորը նաև նշեց, որ որոշ դեպքերում զինծառայողների կեցության պայմանները պարզապես անհանդուրժելի են։
Արման Սարգսյանը, սակայն, չհամաձայնեց ընդդիմադիր պատգամավորի գնահատականներին. «Եթե ամեն ինչ աչքակապություն լիներ, ապա խնդիրները չէին բարձրաձայնվի և շտկումներ չէին իրականացվի։ Փաստը, որ փոփոխություններ արվում են, վկայում է համակարգի կատարելագործման մասին»։










