Մենինգոկոկային վարակից մահվան դեպք է արձանագրվել. ՀՎԿԱԿ


Մենինգոկոկային վարակից մահվան դեպք է արձանագրվել. ՀՎԿԱԿ
Սեպտեմբեր 12 22:54 2025

Սույն թվականի սեպտեմբերի 9-ին Վայոց Ձորի մարզի բնակչի մոտ ախտորոշվել է «Մենինգիտ, մենինգոկոկցեմիա»: Նա հոսպիտալացվել է ծանր վիճակով, սակայն, ցավոք, հաջորդ օրը հիվանդի մոտ արձանագրվել է կենսաբանական մահ: Այս մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնից։

«Համաճարակաբանական հետազոտությունը և վարակի տարածման կանխարգելմանը ուղղված բոլոր անհրաժեշտ միջոցառումները իրականացված են: Սերտ կոնտակտավորների շրջանում հսկողությունը շարունակվում է տնայցերով:

«Ի՞նչ է մենինգոկոկային վարակը

Այն սուր վարակիչ հիվանդություն է, որը հարուցվում է մենինգոկոկերի կողմից

Ինչպե՞ս է փոխանցվում վարակը

Վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով:

Բնակչության 1-10%-ը կրում են մենինգոկոկային մանրէն բկանցքում առանց որևէ ախտանշանի և կարող են վարակը փոխանցել այլ անձանց

Ախտանշանները

* Բարձր ջերմություն
* Ուժեղ գլխացավ, պարանոցի կարկամում
* Սրտխառնոց, փսխում
* Թուլություն, քնկոտություն կամ գիտակցության խանգարում և ցնցում
* Մաշկի վրա հատուկ կարմիր-մանուշակագույն ցան (ավելի ուշ փուլում)

Ինչպե՞ս պաշտպանվել մենինգոկոկային վարակից

Առկա է մենինգոկոկային վարակից պաշտպանվելու 2 տարբերակ.

* պատվաստում
* ⁠կանխարգելիչ հակաբիոտիկոթերապիա

Եղեք ուշադիր գանգատների դեպքում անհապաղ դիմեք բժշկական օգնության»,-նշվում է հաղորդագրության մեջ։