Խնդրում եմ պահպանել օրենքով սահմանված հիերարխիան. Արսեն Թորոսյանն աշխատակազմի հետ խորհրդակցություն է անցկացրել


Խնդրում եմ պահպանել օրենքով սահմանված հիերարխիան. Արսեն Թորոսյանն աշխատակազմի հետ խորհրդակցություն է անցկացրել
Սեպտեմբեր 12 11:09 2025

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը նախարարության աշխատակազմի հետ անցկացրել է առաջին գործակարգավարական խորհրդակցությունը: Այս մասին տեղեկացրել է ԱՍՀ նախարարությունը:

«Նախարարը խորհրդակցության ընթացքում շեշտել է աշխատանքային մի քանի կարևոր սկզբունքներ՝

Շատ հաճախ աշխատանքային առօրյայի մեջ թաղված՝ մոռանում ենք մեր հիմնական առաքելությունը, այն է՝ ծառայությունների մատուցումը մեր քաղաքացիներին։

Մենք հաճախ ունենք նեղ ստորաբաժանումային, հիմնարկային շահեր․ սա անընդունելի է, քանի որ նախարարությունը կառավարության մաս է, և մեզ համար կարևոր են մեր երկրի շահերը։ Պետք է աշխատենք որպես մեկ միասնական մարմին․ նեղ ստորաբաժանումային շահերին վերջ է տրվում այս պահից սկսած։

Միասնական սոցիալական ծառայությունը, թեև առանձնացված, բայց նախարարությանը ենթակա մարմին է, ուստի իր գործունեությունը պետք է կառուցի այդ տրամաբանությամբ։

Մեր գործունեության մեջ մարդկային գործոնը պետք է հասցնենք նվազագույնի, նպաստների նշանակման, տարբեր տեսակի գնահատումների հարցում կոռուպցիոն ռիսկերը բացառելու նպատակով։

Պետական համակարգը հորիզոնական կառավարումով չի աշխատում, դա բերում է կառավարման բացակայության և կոլեկտիվ անպատասխանատվության, ուստի խնդրում եմ պահպանել օրենքով սահմանված հիերարխիան՝ որոշումների կայացման գործընթացը առավելագույնս արդյունավետ իրականացնելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։