Shamshyan.com-ի տեղեկություններով սեպտեմբերի 6-ին խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։20- ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ անհայտ անձը կամ անձինք թալանել են Երևանի բնակիչ 61-ամյա Ստեփան Ախոյանի տունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել քրեական ոստիկանության ծառայողները, որտեղ պարզվել է, որ այդ օրը ժամը 03։30-ից մինչև 05։00 ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք մուտք են գործել Արղության փողոցի տներից մեկը և այնտեղից հափշտակել մեծ քանակի ոսկյա զարդեր, խոշոր չափի գումար և «Breguet» ապրանքանիշի ժամացույց։
Դեպքի փաստով Երևանի քրեական ոստիկանությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գագիկ Շամշյանի տեղեկություններով թալանված բնակարանի սեփականատերը հայտնի գործարար «Սպիտակ Տնակ» ՍՊԸ-ի հիմնադիր Ստեփան Ախոյանն է, ով Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Արագած Ախոյանի եղբայրն է։
Վնասի չափը պարզվում է, սակայն ըստ նախնական տեղեկությունների՝ այն անցնում է 100 հազար դոլարը։
Երևանում թшլшնել են նախկին պատգամավոր Արագած Ախոյանի եղբոր տունը․ տարել են մեծ քանակի ոսկյա զարդեր, խոշոր չափի գումար և թանկարժեք ժամացույց

