Չեմ համակերպվել ու չեմ համակերպվելու, որովհետև գիտեմ՝ այս ամենը Արցախի հանդեպ դավաճանության արդյունք է


Չեմ համակերպվել ու չեմ համակերպվելու, որովհետև գիտեմ՝ այս ամենը Արցախի հանդեպ դավաճանության արդյունք է
Հուլիս 31 23:20 2025

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հրապարակումը․

 

«Վերջերս հաճախ եմ մտածում, որ իմ մեղքը Արցախը սիրելն է։ Որ մեղքս այն է, որ չեմ ընդունում Հայաստանի այսօրվա իշխանությունների պարտադրած «իրականությունը», որտեղ Արցախ չկա, որտեղ արցախցին պիտակավորված է որպես անցանկալի, որտեղ վերադարձի իրավունքը հնչում է որպես «ռևանշիզմ»։

 

Ես ապրում եմ մի իրականության մեջ, որի գոյությունն ինձ չեն հարցրել։ Ինձ չեն հարցրել՝ կարո՞ղ եմ ապրել առանց Արցախի։ Պարզապես զրկել են ինձ Արցախից ու ստիպել ձևանալ, թե դա «խաղաղություն» է։ Բայց իմ խղճի, իմ հողին տված ուխտի հետ անհամատեղելի է այդ ձևականությունը։ Ես չեմ համակերպվել ու չեմ համակերպվելու։ Որովհետև գիտեմ՝ այս ամենը Արցախի հանդեպ դավաճանության արդյունք է, և դրա շարժիչ ուժը հենց այն սերը չէր, որը ես տածել եմ Արցախի հանդեպ, այլ այն ատելությունը, որը իշխանությունն ունի Արցախի նկատմամբ։

 

Այսօր Հայաստանում իշխանության է մի վարչակարգ, որի համար վտանգ է ոչ թե թշնամին, այլ հայրենասերը։ Որը պառակտում է հանրությանը՝ արցախցի և հայաստանցի բաժանումով, որը մերժում է սեփական պատմությունը, արյամբ նվաճված հաղթանակը, և որը ատում է այն ամենը, ինչ հիշեցնում է Արցախի մասին։ Եվ հենց այդ պատճառով իշխանության համար ամենավտանգավոր «հանցագործությունն» այն է, երբ մարդ շարունակում է սիրել Արցախը, մնում է հավատարիմ իր արմատներին ու հրաժարվում է մոռանալ։

 

Իրականում իշխանությունը վախենում է այդ սիրուց։ Քանի որ գիտի՝ այդ սերը վերածվում է համոզվածության, այդ համոզվածությունը՝ պայքարի, իսկ պայքարը՝ իշխանափոխության անխուսափելի պահանջի։ Որովհետև մեր սերը Արցախին նույնքան քաղաքական է, որքան թուրքական և ադրբեջանական ներկայությունն օկուպացված Ստեփանակերտում։

 

Իշխանությունն այսօր ասում է՝ մոռացե՛ք, վերջացե՛ք, ընդունե՛ք։ Մենք ասում ենք՝ հիշո՛ւմ ենք, ապրո՛ւմ ենք, վերադառնո՛ւմ ենք։

 

Ես մեղավոր չեմ, որ սիրում եմ Արցախը։

 

Ես մեղավոր կլինեմ, եթե լռեմ, երբ իմ հայրենիքը կործանում են։

 

Արցախը կորցնելու ցավը չի անցնելու, բայց այդ ցավը դառնում է իմ քաղաքական պայքարի շարժիչ ուժը։

 

Ու մի օր այդ ցավը վերադառնալու է Արցախ։ Ինձ հետ…Մեզ հետ…»։