«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը քաղաքական դաշտ է մտել Հայաստանի կորցնելու վտանգը կանխելու համար։ Այս մասին նա հայտնեց լրագրողներին տված հարցազրույցում։
«Իհարկե, եթե իմ նկատմամբ չլիներ քրեական հետապնդում, Փաշինյանի վերջին տարվա անկանոն շարժումները, հարձակումները, թե՛ մարդկանց, թե՛ մեր ինքնությունների վրա, ես նույնիսկ երազում չէի պատկերացնում ինձ քաղաքական դաշտում։ Եթե հարցը մեր Հայաստանի կորցնելն է, ապա բոլոր ցանկությունները և լավ կյանքի ամբիցիաները երկրորդ պլան են գնում»,- լրագրողներին տված հարցազրույցում ասաց Սամվել Կարապետյանը։
Նա իր խոսքում անդրադարձավ նաև ընտրություններում իրենց հաղթանակին ու ընդդիմադիր այլ ուժերի կողմից աջակցություն ստանալ-չստանալու հարցին։ Վստահեցրեց՝ գնում են բացարձակ հաղթանակի։
Կարապետյանը հիշեցրեց օրեր առաջ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությունները, որ աջակցելու են հաղթող ընդդիմադիր ուժին։
«Մի քանի օր առաջ Գագիկ Ծառուկյանը և Ռոբերտ Քոչարյանը հայտարարեցին, որ իրենք աջակցելու են առաջին հաղթող ուժին։ Քանի որ մենք վստահ ենք մեր հաղթանակի մեջ, դա նշանակում է, որ իրենց հայտարարությունը մեր մասին էր», ասաց Կարապետյանը։










