«Մենք կտրուկ կնվազեցնենք ոռոգման ջրի սակագինը գյուղացիների տնամերձ ու ոչ բիզնես նպատակով հողերի համար՝ կես հեկտար՝ 500 դրամ, մեկ հեկտար՝ 1000 դրամ»,- այս մասին ասել է «Միասնության թևերի» վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը Լճափում բնակիչների հետ հանդիպմանը։
Նա շեշտել է, որ առաջարկը բիզնեսի մասին չէ, գյուղացու մասին է։ Եթե ուզում ենք արդյունք՝ պետք է նախ հնարավորություն տանք։ Ջուրը պետք է հասանելի լինի, որպեսզի գյուղացին կարողանա մշակել հողը, ստանալ բերք և պահել իր ընտանիքը։
Այսօր «Միասնության թևերի» վարչապետի թեկնածու Արման Թաթոյանն ու թիմն այցելել են Գեղարքունիքի մարզի մի շարք գյուղեր։ Լճափում նրանց դիմավորել են դհոլ-զուռնայով ու աղ ու հացով։










