Նախօրեին Ազատի ջրամբարում ջրահեղձ եղած պատանին Արցախից (Շոշ գյուղ) բռնի տեղահանվել էր 2023թ. սեպտեմբերի վերջին, ապրում էր Ազատավանում.
Յուրա Մելքումյանն իր երեք ընկերների և հարազատ եղբոր հետ միասին գնացել են ձկնորսության և ինչ-որ պահի 16-ամյա տղան և ընկերները որոշել են լողալ ջրամբարում, ինչից հետո դեպքը տեղի է ունեցել։ Ականատեսները նշում են, որ ընկերները և եղբայրն որքան փորձել են օգնել, սակայն չեն կարողացել, տղան ջրահեղձ է եղել։
«Շրջափակումից, պատերազմից ու Հայկազովի բենզալցակայանի պայթյունից փրկվել է, գաղթի ճանապարհ անցել և ջրամբարում ջրահեղձ է եղել…»,- գրում է «Նորություններ Արցախից» ֆեյսբուքյան էջը։
Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին, ժամը 13:07-ին ՆԳՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ տղա երեխան ընկել է Ազատի ջրամբարը։ Դեպքի վայր են մեկնել Հատուկ ջրափրկարարական և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Ջրասուզակն ափից մոտ 4 մ հեռավորությունից դուրս է բերել 2008 թ․ ծնված քաղաքացու դին։