Նկարը սարքած չի, ես իմ կարծիքն ունեմ, ոնց ուզում եմ, էդպես էլ ապրում եմ. ես կողմնակից եմ խաղաղությանը. Անդրանիկ Հարությունյան


Նկարը սարքած չի, ես իմ կարծիքն ունեմ, ոնց ուզում եմ, էդպես էլ ապրում եմ. ես կողմնակից եմ խաղաղությանը. Անդրանիկ Հարությունյան
Մայիս 13 16:36 2026

Համացանցում տարածվել է դերասան Անդրանիկ Հարությունյանի լուսանկարը, որտեղ նա «իշխանական սրտիկ» է ցույց տալի, իսկ կրծքին՝ Փաշինյանի բաժանած քարտեզն է։

Շատերը նրան քննադատում են, իսկ որոշներն էլ կարծում են, որ նկարը կեղծ է, սարքած։

 Aysor.am-ի հետ զրույցում Անդրանիկ Հարությունյանը նշեց, որ լուսանկարը կեղծված չի. «Ես քարոզարշավին չեմ մասնակցել, լուսանկարն իմ ընկերոջ՝ Լյուդվիգ Գյուլնազարյանի հետ իր մեքենայի մոտ ենք նկարվել։ Սակայն, եթե մասնակցեմ էլ, խնդիր չեմ տեսնում, կասեմ՝ մասնակցել եմ։ Ես իմ կարծիքն ունեմ, ոնց ուզում եմ, էդպես էլ ապրում եմ։ Համոզված եմ՝ այս նյութի տակ հայհոյախառն մեկնաբանություններ են լինելու, սակայն ֆեյք էջերով հայհոյանք գրելն այդքան էլ ճիշտ չէ։ Ընդդիմադիր լինի, թե իշխանամետ՝ մենք՝ արվեստի մարդիկ, միշտ թիրախավորված ենք։ Ես խնդիր չունեմ, ասում եմ այն, ինչ կա»։

Հարցին՝ արդյո՞ք ներկա իշխանության գաղափարները կրող է՝ Հարությունյանը պատասխանեց. «Ես կողմնակից եմ խաղաղության, որ բանակում զինվոր չմահանա, և այս երկիրը խաղաղ ապրի, ինչպես հիմա։ Եթե այդ նույն բանն անեին այլ ընդդիմադիր ուժեր, դա ինձ համար շատ մեծ բան կլիներ։ Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, որ իրենց գաղափարները կիսեմ կամ չկիսեմ, ինձ համար ամենալավ բանն այն է, որ կայուն խաղաղություն լինի ու բանակում զինվոր չզոհվի»։

Դիտարկմանը՝ այդ ամենը տեսնո՞ւմ է այս իշխանության կառավարման պայմաններում՝ դերասանն արձագանքեց. «Քանի՞ տարի է պատերազմն ավարտվել է՝ մոտ 3-4 տարի, այդ ընթացքում մի զինվոր մահացե՞լ է թշնամու կրակոցից։ Կարծում եմ՝ չի եղել։ Շատ լավ է ու գովելի է»։