Սամվել Կարապետյանը և իր ընտանիքը հաղթել են Հայաստանի Հանրապետության կառավարության դեմ նախաձեռնած հրատապ արբիտրաժային գործը։ Գործը քննվել է Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտում (SCC), Հայաստանի Հանրապետության և Կիպրոսի միջև 1995 թվականի հունվարի 18-ին կնքված Ներդրումների խրախուսման և պաշտպանության համաձայնագրի հիմքով։
2025 թվականի հուլիսի 22-ին Արբիտրաժը պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետությանը ձեռնպահ մնալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված մի շարք օրենսդրական դրույթների կիրառումից, ինչպես նաև հետագա հնարավոր բռնագրավումներից։ Արբիտրաժն արձանագրել է, որ ՀՀ գործողությունները լուրջ կասկածներ են առաջացնում՝ վերոնշյալ միջազգային համաձայնագրին համապատասխանելու առումով։
Այս որոշումն արձագանք է ստացել նաև ՀՀ կառավարությունից։ Կառավարության հայտարարության մեջ ասվում է․
«Հարգանքով վերաբերվելով օտարերկրյա արբիտրաժների որոշումներով կիրառվող ապահովման միջոցներին, միևնույն ժամանակ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով, որոնցով սահմանված են արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման կարգերը և ընթացակարգերը»։
Aysor.am-ի հետ զրույցում փաստաբան Վարազդատ Հարությունյանն իրավական տեսանկյունից տարօրինակ գնահատեց կառավարության արձագանքը։
«Երկու երկրների միջև ներդրումների պաշտպանության վերաբերյալ պայմանագրի շրջանակներում սկսված արբիտրաժային գործընթացի հիման վրա կայացված դատական ակտը նույնպես հիմնված է համարվում Հայաստանի օրենսդրության վրա, որովհետև Հայաստանի օրենսդրության մաս են կազմում միջպետական պայմանագրերը», - նշեց Հարությունյանը։
Հարցին՝ արդյո՞ք կառավարությունը մանևրելու հնարավորություն ունի, օրինակ՝ կարո՞ղ է փորձել որոշումը չկատարել, Հարությունյանը պատասխանեց.
«Իհարկե՛, կարող է, խելագարության կանխավարկածի շրջանակում պետք է մեկնաբանել այն ամենն, ինչ վերաբերում է այս կառավարության իրավական դիրքորոշումներին»։