Հայաստանը հանելու ենք աշխարհաքաղաքական զnհի վիճակից, վերականգնելու ենք շահերի և հետաքրքրությունների բալանսը տարածաշրջանում․ Սամվել Կարապետյան


Հայաստանը հանելու ենք աշխարհաքաղաքական զnհի վիճակից, վերականգնելու ենք շահերի և հետաքրքրությունների բալանսը տարածաշրջանում․ Սամվել Կարապետյան
Հուլիս 21 10:37 2025

Հայաստանը հանելու ենք աշխարհաքաղաքական զոհի վիճակից: Վերականգնելու ենք շահերի և հետաքրքրությունների բալանսը տարածաշրջանում:

 

 

Ասված է գործարար, բարերար Սամվել Կարապետյանի տարածած հայտարարության մեջ։

 

«Ինչ հաջողվեց ներկա իշխանություններին․

 

Կորցնել կամ չօգտագործել բոլոր այն ամուր բանակցային դիրքերը, որոնք դեռևս ունեինք 44-օրյա պատերազմից հետո։ Այդ դիրքերից ճիշտ ու սրտացավ բանակցելու դեպքում հնարավոր էր պահպանել Արցախը, չունենալ գերիներ Բաքվի բանտերում, պահպանել Հայաստանի տարածաշրջանային զգալի քաշը, պայմաններ թելադրել խաղաղության պայմանագիր ստորագրելիս։

 

Բոլոր բանակցային դիրքերը զրոյացնելուց, Արցախը տանուլ տալուց հետո բանակցությունների մեջ մտնել Ադրբեջանի հետ, ինչի արդյունքում Բաքուն ստանա ամեն ինչ, Հայաստանը՝ ոչինչ։

 

Պայմանավորվել դեմարկացիայի ու դելիմիտացիայի մասին ու հող տալ՝ փոխարենը ոչինչ չվերցնելով։ Հրաժարվել միջազգային միջնորդներից՝ Ֆրանսիայից, ԱՄՆ-ից ու ՌԴ-ից, ու ասել, թե Բաքվի հետ ինքնուրույն կբանակցենք, որպեսզի իբր «ուրիշի շահեր չսպասարկենք», բայց հետո Ադրբեջանի ավագ եղբայր Թուրքիային դարձնենք բանակցային փաստացի միակ միջնորդ։

 

Դավաճանել ազգային արժեքներին ու զիջել հակառակորդին ամեն ինչ՝ սպասելով, որ դրա դիմաց կստանան խաղաղության անորոշ խոստում, որևէ արժեք չունեցող թղթի մի կտոր։ Այն էլ՝ ընտրություններից առաջ ժողովրդին խաբելու համար միայն, իբր, տեսե՛ք, խաղաղություն եմ բերել։

 

Հայաստանում բոլորն էլ խաղաղություն ուզում են, բայց իրական, արժանապատիվ ու կայուն, այլ ոչ թե զուտ ձևական մի թուղթ և անդադար սպառնալիքներ ու նվաստացում:

 

Առաջարկել ինչ-որ «խաչմերուկ», որն իբր տնտեսական օգուտ է բերելու Հայաստանին, բայց վերածել այն Անկարայի երազած «Զանգեզուրի միջանցքի», իսկ Հայաստանը դնել վիլայեթացման ճանապարհին։ Երկար-բարակ խոսել Եվրոպայի հետ եղբայրանալու մասին, բերել եվրոպական դիտորդներ՝ իբր Սյունիքի անվտանգությունը ապահովելու համար, ամիսը մեկ գրկախառնվել Մակրոնի հետ, բայց, փաստացի «քցել» այդ բոլորին ու խախտել խոստումները՝ հիմա էլ փորձելով «միջանցքը» տալ ամերիկացիներին։

 

Ես հաջողությամբ բիզնես եմ վարել աշխարհի տարբեր երկրներում՝ Ֆրանսիայում, Հունաստանում, Ռուսաստանում, Կիպրոսում, Արաբական Միացյալ Էմիրություններում։ Ու վստահեցնում եմ՝ այսպիսի վարվելակերպով ու խաբեբայի համբավով փոքրիկ խմբակի ղեկավարը շուտով ոչ միայն ամբողջությամբ հեղինակազրկելու է իրեն, այլ նաև մեր Հայրենիքն աշխարհի աչքերում։

 

Հայաստանը հանելո՛ւ ենք աշխարհաքաղաքական զոհի վիճակից: Վերականգնելո՛ւ ենք շահերի և հետաքրքրությունների բալանսը տարածաշրջանում: Ու այդ ժամանակ տարանցիկ ճանապարհները Հայաստանի սուվերեն տարածք են մնալու, տարեկան հարյուր միլիոնավոր դոլարներով լցնելու են Հայաստանի, այլ ոչ թե այլ, թեկուզ և բարեկամ որևէ երկրի բյուջեն:

 

Անելո՛ւ ենք՝ մեր ձևով»։