ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը գրում է․
«Քիչ առաջ մամուլից տեղեկացա, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործի նախաքննությունը ավարտվել է։
Քննիչը մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ միասին հսկող դատախազին է հանձնելու: Մեղադրական եզրակացությամբ վարույթի նյութերը ստանալուց հետո՝ յոթ օրվա ընթացքում, հսկող դատախազն ընդունելու է որոշում՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու մասին, որից հետո վարույթի նյութերի հետ հանձնելու է իրավասու դատարան:
Եվ քանի որ նախաքննությունը ավարտված է՝ Միքայել սրբազանին կալանքի տակ պահելու բոլոր արհեստական հիմքերը կարելի է սպառված համարել։ Եթե մինչ այդ ապօրինի արհեստական հիմքերով կալանքի տակ էին պահում, այս հաղորդագրությունից հետո անգամ այդ արհեստական հիմքերն են հօդս ցնդում:
Հետևաբար, նրա խափանման միջոցը պետք է անհապաղ փոփոխվի, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը պետք է անմիջապես ազատ արձակվի և շարունակի իր հոգևոր ծառայությունն իրականացնել՝ ազատության մեջ մասնակցելով դատական նիստերին։
Եթե Միքայել սրբազանի կալանքը մինչ այս պահը 100 %-ով ապօրինի էր, ապա այս պահից սկսած նրան կալանքի տակ պահելը 200 %-ով է ապօրինի։
Առակս ինչ կցուցանե.
Միքայել սրբազանին պետք է արագ ազատ արձակել»: