ԱՄՆ-ն և առհասարակ՝ ՆԱՏՕ-ի որևէ երկիր մեզ անվտանգության երաշխիքների չի տալու. Սուրենյանց


ԱՄՆ-ն և առհասարակ՝ ՆԱՏՕ-ի որևէ երկիր մեզ անվտանգության երաշխիքների չի տալու. Սուրենյանց
Հուլիս 12 22:31 2025

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է.

 

«ԱՄՆ պետքարտուղարությունն օրերս արձագանքել է լուրերին այն մասին, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից Հայաստանին և Ադրբեջանին առաջարկ է ներկայացվել Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ։ 

 

«Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված ջանքերին: Մենք կիսվելու որևէ ինֆորմացիա չունենք մամուլի hրապարակումների վերաբերյալ»,- «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ նշել են պետքարտուղարության մամուլի ծառայությունից։ 

 

Պետքարտուղարության չեզոք, զգուշավոր արձագանքը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը, մի կողմից, չի ցանկանում առայժմ պաշտոնապես հանդես գալ որպես կոնկրետ նախաձեռնության հեղինակ, մյուս կողմից՝ փորձում է պահել դիվանագիտական դաշտը բաց՝ հետագա զարգացումներում հնարավոր ակտիվ ներգրավման համար։ 

 

Այլ խոսքով՝ Վաշինգտոնը ձեռնպահ է մնում ուղիղ պատասխանատվությունից՝ չբացառելով ապագա դերակատարության հնարավորությունը։ 

 

Սա ընդգծում եմ բոլոր այն մարդկանց համար, ովքեր այս օրերին հիացական շեշտադրումներով արձանագրում են, որ եթե ամերիկյան լոգիստիկ ինչ-որ կազմակերպության արտապատվիրակվի Սյունիքի ճանապարհի վերահսկողությունը, դա ինքնին ենթադրում է Հայաստանին տրվելիք անվտանգության որոշակի երաշխիք Վաշինգտոնի կողմից: 

 

Չկա նման բան և չի կարող լինել: 

 

ԱՄՆ-ն և առհասարակ՝ ՆԱՏՕ-ի որևէ երկիր մեզ անվտանգության երաշխիքների չի տալու՝ Ադրբեջանից և Թուրքիայից պաշտպանվելու համար: 

 

Վաշինգտոնը ենթադրյալ նախաձեռնությամբ լուծում է իր ստրատեգիական խնդիրը՝ Հարավային Կովկասում թուլացնում է Ռուսաստանի և Իրանի ազդեցությունը: 

 

Թե ինչպե՞ս է առանց անվտանգության որևէ համակարգի մնացող Հայաստանը պաշտպանվելու Ադրբեջանի և Թուրքիայի հնարավոր ոտնձգություններից, թերևս՝ կարող են իմանալ միայն արկածախնդրության անսահման պաշար ունեցող «հեղափոխականները» և նրանց պսևդոարևմտամետ սատելիտները»։