«Սթրայքբոլ» խաղի սիրահար լինելու համար խայտառակ քրեական հետապնդման ենթարկվող 18-ամյա Անդրանիկ Չամիչյանը տեղափոխվել է Աջափնյակի դատարան (Նազարբեկյան 40)։ Ներկայացվել է երկամսյա բանտային կալանքի միջնորդություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Նա նաև տեղեկացնում է, որ դատական նիստը կսկսվի ժամը՝ 20:30-ին։ Դատարան ուղևորվելու ճանապարհին իրավապաշտպանն ուղիղ եթերում հայտարարեց, որ այս գործը ուղիղ քաղաքական պատվերի արդյունք է։
«Թույլտվություններ են տվել, որ մտնեին մարդկանց, ձերբակալեն, խուզարկեին,որ Ալիևին նվեր աներ իր կոշիկ լիզողը, Ալիևին նվեր աներ, ասեր՝ տե՛ս, Ալիև ջան, Դաշնակցության երիտասարդներին ենք բռնում, և , առանց ամաչելու, որպես գտածո, տեսե՛ք, ինչ ենք հայտնաբերել՝ «Մահ կամ ազատություն» 130 տարվա կարգախոսով մայկաներ, «Սթրայքբոլ»-ի ինչ-որ պարագաներ»,- ասաց Մելիքյանը։
Անդրադառնալով մեղադրանքին, իրավապաշտպանը մանրամասնեց․ «Ուրեմն, ինչ-որ մի նռնակի մասին է խոսքը։ Ես հայտարարում եմ, որ իմ պաշտպանյալի՝ Անդրանիկ Չամիչյանի, հարցաքննության ժամանակ որևէ նման հարց չի տրվել, որևէ նման առարկա առկա չի եղել, եթե առկա եղած լիներ, գոնե մի հատ հարց կտրվեր՝ սա ի՞նչ է։ Պարզ է, որ դա չի եղել և հարց չի տրվել։ Ամեն ինչ եղել է խաղալիք բաներ, որ կարելի է ձեռք բերել Վայլբերիսից, տարբեր ուրիշ տեղերից, և նաև էստեղ մասնագիտացված խանութներ կան։ Բոլորն օրինական, ազատ վաճառքի մեջ է, ցանկացածս կարող ենք գնալ այդ ամեն ինչը գնել։ Ո՛չ մի ապօրինի բան։ Պատահական չի, որ եթե ի սկզբանե կասկածը ռազմամթերք պահելն էր և ահաբեկչության նախապատրաստությունը, ապա այսօր, երբ մեղադրանք ներկայացվեց, ռազմամթերք պահելը հանվեց։ Բա ինչո՞վ էր էդ մարդը, ըստ ձեզ, ահաբեկչություն նախապատրաստում։ Սա ուղիղ քաղաքական պատվերի արդյունք է , որը բխում է նաև, օրինակ, Ազգային ժողովի հետ համապատասխան որոշումից»։