«Աբու Դաբիի հանդիպումը չի լուծում կարգավորման իրական խոչընդոտները»,-ներկայացնելով իր առաջին տպավորությունը Փաշինյան-Ալիև այսօրվա հանդիպումից՝ ասումէ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Նրա գնահատմամբ, կողմերը շարունակում են քայլել բարակ սառույցի վրայով՝ պահելով երկխոսությունը, բայց չանդրադառնալով բովանդակային հաշտեցման հարցերին, համենայն դեպս՝ հաղորդագրության տեքստում:
«Քննարկվել են կարգավորման «տարբեր ասպեկտներ», արձանագրվել է «առաջընթաց սահմանազատման գործընթացում», բայց բովանդակային հարթության վրա շրջանցվել են հակադրության կամ պատերազմի առիթ տվող հարցերը՝ կոմունիկացիաների ապաշրջափակում, Ադրբեջանի տարածքային ագրեսիվ հավակնություններ, դելիմիտացա/ դեմարկացիա:
Ավելին, Փաշինյան- Ալիև հանդիպմանը զուգահեռ, Հայաստանի ԱԳ փոխնախարը հանդես է եկել մի հայտարարությամբ, որն առնվազն հուշում է՝ Աբու Դաբիի հանդիպումից հետո տարածված հաղորդագրությունն ավելի շատ ընդհանրական դիվանագիտական տեքստ է, որը գուցե քողարկում է Փաշինյան- Ալիև զրույցի բուն բովանդակությունը:
«Սկզբունքների պահպանման դեպքում Հայաստանը դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը»,- ասել է փոխնախարար Մնացական Սաֆարյանը՝ ըստ էության, վերահաստատելով ամերիկյան բացահայտված առաջարկության փաստը:
Փաստացի, Աբու Դաբիի հանդիպման գլխավոր ուղերձն այն է, որ պատերազմը չի վերսկսվում այս պահին։ Սակայն խաղաղություն նույնպես չկա։ Իսկ երբ գործընթացը սահմանափակվում է միայն «շարունակելու» մտադրությամբ՝ առանց հարցերին առերեսվելու, դա այլ բան չէ, քան քաղաքական ժամանակ շահելու փորձ։
Ընդ որում, այդ «ժամանակը» Փաշինյանին և Ալիևին պետք է միանգամայն տարբեր պատճառներով»,-նշում է քաղաքագետը։