Պահանջում եմ իրավասու մարմիններից հրապարակել խոսակցության ամբողջ համատեքստը, պնդում եմ՝ այդ կտրտված, մոնտաժված հատվածն այլ համատեքստում արտասանված խոսք է. Բագրատ Սրբազան


Պահանջում եմ իրավասու մարմիններից հրապարակել խոսակցության ամբողջ համատեքստը, պնդում եմ՝ այդ կտրտված, մոնտաժված հատվածն այլ համատեքստում արտասանված խոսք է. Բագրատ Սրբազան
Հուլիս 10 16:04 2025

«Սրբազան պայքար»-ի առաջնորդ, քաղբանտարկյալ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նոր նամակ է հղել ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից։

 

«Հրապարակե՛ք…

 

Ամսի 8-ին ԱԺ-ում խուլիգանախումբը հարձակվեց արժանապատիվ և հայրենասեր հայի՝ Արթուր Սարգսյանի վրա։ Այլ կերպ չէր էլ կարող լինել, որովհետև մեկ տարի շարունակ ամենաայլանդակ զրպարտություններով և հարձակումներով փորձել են սասանել մեր պայքարի հաստատակամությունը։ 

 

Չի՛ հաջողվելու և դեռ ավելին՝ տապալվելու եք։ 

 

Սակայն այս գրությանս պատճառը խորհրդարանում «հրեշտակի անմեղությամբ» արյունը շրթունքներին հնչած անմեղության կանխավարկածը խախտող, ստերով և զրպարտություններով լեցուն հայտարարությունները չեն, որոնց համար մեկիկ-մեկիկ պատասխան են տալու դատարանում։ Գրությանս պատճառը չարաբաստիկ «երկու հոգու գյուլլելու և 15 հոգու բանտ նստցնելու արտահայտության մասին է, որը վերագրվում է ինձ, որպես «մարդ սպանելու» դարի հանցագործ ծրագիր։ 

 

Չեմ էլ ուզում այս պահին վիճարկել ձայնագրության ստույգությունը՝ դա այլ հարթության մեջ կպարզվի։ Նախ ասեմ՝ ինչպե՞ս կարող է իշխանություն չունեցող որևէ անձ 15 հոգու բանտ նստեցնել՝ այն էլ փողոցային պայքարի տրամաբանության ծիրից ներս։ Պարզապես ծիծաղելի է…

 

Ես պահանջում եմ իրավասու մարմիններից հրապարակել այդ խոսակցության ամբողջ համատեքստը։ Ես պնդում եմ, որ այդ կտրտված, մոնտաժված հատվածն այլ համատեքստում արտասանված խոսք է, որ վերաբերում է որևէ իշխանության գործառույթի։

 

Կրկին պահանջում եմ հրապարակե՛ք սույն խոսակցության ամբողջական տեքստը, այլապես ինչպես այս, այնպես էլ մնացած բոլոր արտահայտությունները որպես ստախոսություն և զրպարտություն կմնա ձեր պատասխանատվության վրա»,- ասվում է հաղորդագրությունում։