Մենք ունենք քաղաքական իշխանություն, որն ապացուցել է, որ որևէ կերպ չի կարողանում դիմադրել արտաքին սպառնալիքներին, News.am-ին տված հարցազրույցում ասել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
«Իրենք ասում են, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ գնում ենք խաղաղության, բայց Թուրքիայի և Ադրբեջանի պահանջների նախադասությունը վերջակետ չունի։ Այդ երկու երկրները համարում են, որ հայկական պետականությունն ուղիղ սպառնալիք է իրենց համար, իրենք բոլոր քայլերը ձեռնարկում են, որ Հայաստան պետությունը քայքայվի»,-ասել է Վանեցյանը։
Նա նշել է, թե իշխանություններն օգտագործում են Ադրբեջանի և Թուրքիայի հնարավոր հարձակման հանգամանքը, որպեսզի վախեցնեն ժողովրդին։
ՀՀ-ն, ըստ Արթուր Վանեցյանի, ոչ թե պետք է փորձի գերտերությունների հակասության կետում գտնի իր շահը, այլ պարտավոր է այնպիսի դիվանագիտություն վարել, որ իր շահը գտնի գերտերությունների շահերի համընկման կետում։
«ԱԳՆ-ի բոլոր պրոֆեսիանոլ դիվանագետներն այսօր աշխատանքից ազատված են։ Այսօր ԱԳՆ-ում չունենք այն պրոֆեսիոնալ դիվանագետների կազմը, որը կկարողանա աշխատել տարբեր կենտրոնների հետ»։
Արթուր Վանեցյանի գնահատմամբ՝ Հայաստանի ներքին հարցերը պետք է լուծվեն Հայաստանի ներսում։
«Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ Իրանը, որևէ մեկը Հայաստանի ներքին հարցերի մեջ խառնվելու իրավունք չունի, դա ամենակարևոր կարմիր գիծն է, որը մենք պարտավոր ենք պահել։ Որ օրը Հայաստանի ներքին գործերի մեջ միջամտեց ցանկացած պետություն, այդ օրը մենք կորցնելու ենք մեր ինքնիշխանությունը, անկախությունը»։