Մայիսի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է եկեղեցականների վերապատրաստման դասընթացներին մասնակից Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմերից ժամանած հոգևորականներին։ Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եկեղեցականաց վերապատրաստման ծրագրերի տնօրեն Գերաշնորհ Տ․ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, ամփոփելով ծրագրի 2023-2025թթ․ ընթացիկ փուլը, որին մասնակցել է շուրջ 400 անձ, անդրադարձել է դասընթացների օգտակարությանը։ Սրբազանն իր երախտագիտությունն է հայտնել Ամենայն Հայոց Հայրապետին ծրագրի և մասնակից հոգևորականների նկատմամբ հայրական հոգածության համար։
Այնուհետև ներկաներին իր օրհնությունն է բերել Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Հայոց Հովվապետը գոհունակություն է հայտնել վերապատրաստման ընթացքում արձանագրված արդյունքների առնչությամբ՝ ընդգծելով աստվածաբանական գիտելիքների վերաթարմացման, հովվական փորձառության փոխանակման, ինչպես նաև Եկեղեցու և հասարակության առջև ծառացած մարտահրավերների ու դրանց հաղթահարման ուղիների շուրջ քննարկումների կարևորությունը։
Վեհափառ Հայրապետը իր գնահատանքն է բերել Վահան Սրբազանին և վերապատրաստման ծրագրերի փոխտնօրեն Տ. Շնորհք աբեղա Սարգսյանին դասընթացների կազմակերպման գործում ցուցաբերած նախանձախնդրության համար՝ տեղեկացնելով, որ դասընթացները հաջորդ փուլում կկազմակերպվեն ըստ տեսական ու գործնական աստվածաբանության թեմատիկ ուղղությունների՝ մերօրյա մարտահրավերներին և հոգևոր սպասավորության արդի պահանջներին համապատասխան։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը քահանա հայրերին պատգամել է կոչման բարձր գիտակցությամբ և անվերապահ նվիրումով շարունակել իրենց ծառայությունը Եկեղեցուն, ազգին ու հայրենիքին՝ իրենց համայնքներում ամենուր հայորդիներին համախմբելով ի խնդիր հայրենիքում առկա դժվարությունների հաղթահարման և երկրի հզորացման: