Զինծառայողների 40%-ը չի հաղթահարել ատեստավորման առնվազն բավարար գնահատականների շեմը. ինչից են հիմնականում թերանում նրանք


Զինծառայողների 40%-ը չի հաղթահարել ատեստավորման առնվազն բավարար գնահատականների շեմը. ինչից են հիմնականում թերանում նրանք
Մայիս 16 15:40 2025

ՀՀ Զինված ուժերում մինչ օրս ատեստավորման մասնակցած զինծառայողների թիվը կազմում է 61 տոկոս: Այս մասին Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են պաշտպանության նախարարությունից:

Tert.am-ը ահազանգեր էր ստացել զինծառայողներից, որ ՊՆ ատեստավորմանն այնպիսի պահանջներ են դնում, որ անհնար է դրանք հաղթահարելը: Նշենք, որ ատեստավորումը հաղթահարած զինծառայողների աշխատավարձը բարձրանում է:

Tert.am-ը գրավոր հարցմամբ դիմել է Պաշտպանության նախարարություն՝ պարզելու, թե զինծառայողների քանի՞ տոկոսն է մասնակցել ատեստավորմանը 2024-ի ընթացքում:

Նախարարությունից նաև հետաքրքրվել ենք՝ քանի՞ տոկոսը չի հաղթահարել ատեստավորումը, հիմնականում ո՞ր հատվածներում են խնդիրներ ունեցել զինծառայողները ատեստավորման ընթացքում:

«Ատեստավորմանը մասնակցած զինծառայողների 40 տոկոսը չի հաղթահարել առնվազն բավարար գնահատականների շեմը:

Հիմնականում ատեստավորման արդյունքների շեմը չեն հաղթահարել՝ ֆիզիկական պատրաստությունից՝ 24 տոկոսը, կրակային պատրաստությունից 11 տոկոսը, իսկ մասնագիտական և շարային պատրաստություններից 5 տոկոսը»,- պատասխանել են ՊՆ-ից:

Նշենք, որ դեռևս այս տարվա մարտի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն Ազգային ժողովում հայտարարել էր, որ ՀՀ ՊՆ-ում զինծառայողների ատեստավորման գործընթացին մասնակցել է շուրջ 13 հազար 500 զինծառայող, 57 տոկոսը ստացել է դրական գնահատական:

«Ատեստավորման արդյունքում զինծառայողների ընդհանուր դրամական նպաստը 205 հազարից դարձել է 470 հազար դրամ»,- ասել էր նախարարը: