Շիրակի նախկին մարզպետ, ՀՅԴ-ական Հովսեփ Սիմոնյանը նշանակվել է Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանի խորհրդական։
Aravot.am-ի հետ զրույցում Հովսեփ Սիմոնյանը պարզաբանեց, որ քաղաքապետի խորհրդական է նշանակվել ֆինանսական գծով․ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը թե՛ ՀՅԴ Շիրակի մարզային կառույցին և թե՛ իրեն անձնապես է առաջարկել այս պաշտոնը՝ այսպիսով սկիզբ դնելով համագործակցության։
Նախկին մարզպետը համաձայնել է, քանի որ իր խոսքերով՝ յուրաքանչյուր գիտակից մարդ, առավել ևս մասնագետ պարտավոր է հայրենիքին ու իր քաղաքին օգուտ տալ։
«Մեզանից յուրաքանչյուրը ինչ հնարավորություն ունի, պիտի անի իր քաղաքի, երկրի, հայրենիքի համար և պիտի անի համախմբված՝ վերջ դնելով մեր երկրում տիրող անհանդուրժողականությանն ու ատելության մթնոլորտին։
Ազգովի վատ տեղ ենք գնում, պիտի միասնական լինել, համախմբվել՝ գալիք սերունդներին լավ պետություն, լավ քաղաք թողնելու համար, ոչ մեկը չի հիշելու՝ ով էր նախարարը, բայց կհիշեն՝ ով լավ գործ արեց, ով՝ վատը։ Բազմաթիվ խնդիրներ են ծառացել քաղաքի առաջ, ոչ մեկը չպիտի մտածի, թե պաշտոն ստանձնելով՝ գնում ես վայելելու, չկա նման բան, կա տանջանք, չարչարանք։ Օրենքի կետով պիտի աշխատենք, որ ճիշտ կառավարում իրականացնենք, որ մեր խնդիրների մեջ թաղված քաղաքին օգուտ տանք, որակյալ ծառայություններ մատուցենք։
Պաշտոնյան ժողովրդի ծառան է», -ասաց Հովսեփ Սիմոնյանը։