Ծառուկյանի հետ ո՛չ անձնական, ո՛չ քաղաքական կապ չունեմ, բայց նրա շուրջ տեղի ունեցողը քաղաքական հետապնդում է. Գևորգ Պետրոսյան


Ծառուկյանի հետ ո՛չ անձնական, ո՛չ քաղաքական կապ չունեմ, բայց նրա շուրջ տեղի ունեցողը քաղաքական հետապնդում է. Գևորգ Պետրոսյան
Հուլիս 8 20:51 2026

«Այն, ինչ տեղի է ունենում Գագիկ Ծառուկյանի շուրջ, պարզապես  քաղաքական հետապնդում է»,-

 Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, իրավագիտության թեկնածու Գևորգ Պետրոսյանը:

Նրա խոսքով՝  փողերի լվացման մեղադրանքի դեպքում տնային խուզարկությունը չլսված բան է։

«Նախևառաջ այդ «ենթադրյալ» գործի վերաբերյալ պետք է ստուգել վաղեմության ժամկետները, եթե չկան, ապա ինչո՞ւ է այսքան տարի հետո այդ հարցը բացվել։ Պատասխանը շատ պարզ է՝ որովհետև Գագիկ Ծառուկյանը ընդդիմադիր գործունեություն է իրականացնում։ Դրա համար էլ որոշել են լռեցնել»,-ասաց նախկին պատգամավորը։

Գևորգ Պետրոսյանն ընդգծեց՝ Ծառուկյանի հետ այլևս որևէ կապ չունի,  անկուսակցական է, պարզապես պայքարում է արդարության համար։

Նա անդրադարձավ նաև ՔԿ-ի տարածած տեսանյութին, որտեղ ԱԱԾ աշխատակիցները Գագիկ Ծառուկյանին կալանավորելիս  տապալում են գետնին.

«Կարելի՞ է մարդուն տան մեջ, ընտանիքի անդամների աչքի առաջ  գետնին գցել, թևերը ոլորել ու այդպես տանել, մանավանդ որ նա որևէ դիմադրություն ցույց չի տվել. Ծառուկյանը պատրաստ է եղել ձերբակալվելու։ Այդ դեպքում ինչո՞ւ է դա այդ եղանակով իրականացվել։ Սա վախի մթնոլորտ տարածելու քաղաքականություն է ։

Իշխանությունը, գիտակցելով, որ իրականում չի ընտրվել և չի հավաքել իրական աջակցություն, հիմա փորձում է այդ եղանակով մարդկանց լռեցնել՝ օգտագործելով իր կամակատարներին։ Ես այստեղ որևէ իրավական գործընթաց չեմ տեսնում, սա բացառապես քաղաքական գործընթաց է։ Հետո՝ ընտրակաշառք բաժանելու մեղադրանքը։ Ընտրակաշառքը հանցագործություն է, որը պետք է ապացուցվի՝ մարդու  ձեռքին բռնելով։ Որևէ փաստ, որևէ ապացույց չկա, որ Գագիկ Ծառուկյանը ընտրակաշառք է բաժանել։ Սա, իմ գնահատմամբ, ամբողջությամբ անհիմն մեղադրանք է և քաղաքական հետապնդման դրսևորում»։

Գևորգ Պետրոսյանն ասաց նաև՝ իր հրապարակային ելույթներում բազմիցս նշել է,  որ ընդդիմությունը պետք է համախմբվի.

«Առանց համախմբման հաղթանակ հնարավոր չէ, սակայն այդ համախմբումը այդպես էլ չեղավ։ Ես նաև ընդդիմությունից եմ վրդովված, որովհետև յուրաքանչյուրը փորձում էր լինել առաջնային դերում, փոխանակ միասին գործեին։ Առանձին գործեցին, և դրա հետևանքն էլ այս իրավիճակն է։ Եթե ընդդիմությունը համատեղ գործեր, այսօր իրավիճակն այլ կլիներ։ Ուստի իրենք էլ իրենց բաժին պատասխանատվությունն ունեն»։

Թե ինչու մարզիկները, ում կարիերայի կայացմանը ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը մեծապես աջակցել է, նաև նրանց հովանավորել է, այսօր լուռ, Գևորգ Պետորսյանի խոսքով, ոչ թե զարմանալի է, այլ «զայրանալի».

«Գագիկ Ծառուկյանն իր ամբողջ կյանքը նվիրել է սպորտին։ Ես այսօր նրա հետ ո՛չ անձնական, ո՛չ քաղաքական կապ չունեմ, բայց պետք է առաջնորդվել ոչ թե անձնական հարաբերություններով, այլ արդարությամբ։ Ծառուկյանն ամեն ինչ արել է սպորտը զարգացնելու, աշխարհին ներկայացնելու և հայ մարզիկներին աջակցելու համար»։