ՔՊ-ն չի հանգստացել, չի մարսում Գյումրիում եղածը. Կարեն Բադալյանի հետ ոչ մի կերպ կապ հաստատել չի ստացվել. Մարտուն Գրիգորյան


ՔՊ-ն չի հանգստացել, չի մարսում Գյումրիում եղածը. Կարեն Բադալյանի հետ ոչ մի կերպ կապ հաստատել չի ստացվել. Մարտուն Գրիգորյան
Մայիս 6 13:29 2025

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը հաստատում է՝  Գյումրու ավագանու «Մեր քաղաքը» խմբակցության անդամ Կարեն Բադալյանը դիմում է գրել մանդատը վայր դնելու վերաբերյալ։

«Քննարկում ունեցել ենք, խոսել եմ այդ մասին, Կարենը ներկայացրել է անձնական պատճառներ՝ աշխատանքի անցնելու վերաբերյալ, խնդրել է, որ մենք, որպես թիմ, ըմբռնումով մոտենանք, նորմալ ընկալենք իր քայլը»,- լրագրողնեոի հետ զրույցում հայտարարեց Գրիգորյանը։

Նա ասաց, որ համոզել է իր թիմակցին՝ մանդատը վայր դնելն այս պահին ճիշտ չէ, բայց, ի վերջո, եկել են այն համոզման, որ պետք է վայր դնի մանդատը։

«Այդ ժամանակ մենք դա ընկալել ենք որպես անձնական խնդիր, որը հարգել ենք, դրությունը փոխանցվել է քաղաքապետարան, քաղաքապետն արձանագրություն է կազմել ու ուղարկել ԸԸՀ ու այդ պահից ի վեր՝ ինքը համարվում է մանդատ չունեցող անձ։ Դրանից հետո, պարզվում է, մեր  ընկերը փոշմանել է ու դիմել է, որ մանդատը հետ վերցնի, որի իրավասությունը քաղաքապետը չունի։ Մինչ օրս Կարեն Բադալյանի հետ ոչ մի կերպ կապ հաստատել չի ստացվել, չենք կարող հասկանալ՝ պատճառն ինչումն է»,- մանրամասնեց Մարտուն Գրիգորյանը։

Կարեն Բադալյանը տեղեկացրել է նաև, որ դուրս է գալիս «Մեր քաղաքը» խմբակցությունից։

«Հետո տեղեկանում ենք՝ դատական հայց է ներկայացրել, որ իր մանդատը վերականգնվի»,- նշեց պատգամավորը։

Գրիգորյանը ենթադրում է, որ ՔՊ-ն ազդեցություն ունի իր թիմակցի որոշման վրա։

«ՔՊ-ն չի հանգստացել, չի մարսում Գյումրիում եղածը»,- հավելեց նա։