ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն իրեն «կյաժ» չի համարում։
«Ես կյաժ չեմ, սպիտակ եմ ու սպիտակելն անցած ճանապարհ է»,- ԱԺ-ում այս մասին հայտարարեց նա, երբ քննարկվում էր իր հարցով Էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը։
«Երբ ինձ մեղադրում եք, մեղադրեք հստակ, թե ինչ եմ ես ասել ու ինչ եք դուք հասկացել»,-ասաց Քոչարյանը։
ՔՊ-ականը պնդում է՝ լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին չի վիրավորել, մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը։
«Ասել, որ ես լրագրողներին ճնշել եմ... բա ճնշված լիենին, ինչո՞ւ էին մյուս օրը գալիս ու ինձանից հարցազրույց վերցնում, թող ճնշված մնային, բոյկոտ հայտարարեին»,- նշեց Քոչարյանը։
Նշենք, որ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն ասել էր, թե բազմաթիվ դեպքեր են եղել, որ պատգամավորներն էթիկայի նորմերը խախտող վարքագիծ են դրսևորել, բայց էթիկայի հանձնաժողով չի ստեղծվել։
«Քանի որ առ այսօր դա չի ստեղծվել, կարծում եմ՝ մեջների կյաժը պարոն Քոչարյանը չէ»,- ասել էր նա։
Հիշեցնենք, որ Քոչարյանը ճեպազրույցի ժամանակ թիրախավորել էր լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին՝ նախ պահանջելով իրենից հեռու կանգնել, ապա վիրավորել էր՝ ասելով. «Մաքրեք ձեր շրթունքները»։
Հռիփսիմե Ջեբեջյանը ստորագրահավաք էր նախաձեռնել, որով Աժ խմբակցություններից պահանջում էր նախաձեռնել Աժ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ձևավորելու գործընթաց՝ քննարկելու ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագիծը:
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները, ընդառաջելով դիմումին, շրջանառության մեջ էին դրել նախագիծը։