Հովիկ Աղազարյանն ուզում է իր կուսակցության միջոցով Փաշինյանին անվստահություն հայտնել


Հովիկ Աղազարյանն ուզում է իր կուսակցության միջոցով Փաշինյանին անվստահություն հայտնել
Մայիս 5 18:40 2025

«Քաղաքացիական պայմանագրից» հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանը չի բացառում, որ հենց իր ղեկավարած նորաստեղծ Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցությունը (ՄԱՍԿ) նախաձեռնի վարչապետ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը: Այդ կուսակցությանն է անդամակցում նաև իշխող ուժից հեռացված մեկ այլ պատգամավոր՝ Հակոբ Ասլանյանը:

«Ազատության» հետ զրույցում Հովիկ Աղազարյանը նշել է, որ ուրբաթ օրը հենց այդ հարցով կուսակցության վարչությունը նիստ է գումարելու, որտեղ էլ կհայտնեն իրենց հստակ դիրքորոշումը:

Այս պահին, ըստ Աղազարյանի, հստակ է, որ եթե Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնեն խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները, ապա իրենք որևէ դեպքում չեն միանա: Այդ որոշումը կայացրել են դեռ իրենց կուսակցության համաժողովում, այն փոփոխման ենթակա չէ:

Իսկ թե ով կլինի իրենց վարչապետի թեկնածուն, Հովիկ Աղազարյանը չի ցանկացել նշել: Ասել է՝ թեկնածու ունեն, բայց այս պահին նպատակահարմար չէ այդ մասին խոսել: Աղազարյանը, սակայն, բացառել է, որ այդ թեկնածուն կարող է իշխող ՔՊ-ից լինել:
Փոխարենը չի բացառել հենց իր կամ Հակոբ Ասլանյանի, կամ մեկ ուրիշի թեկնածության առաջադրումը վարչապետի պաշտոնում: