Իմպիչմենտ իրականացնելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն ներկայացնելու գործընթացը, հիմքեր պետք է ունենա, այդ հիմքերն այսօր առկա չեն. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
«Հիշեցնեմ, որ իմպիչմենտի մասին առաջին անգամ հենց «Հայաստան» դաշինքը և նրա մաս կազմող քաղաքական ուժերն են արտահայտվել: Մեր գործունեության հիմնական նպատակներից մեկը հենց Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելն է: Նրա հեռացման համար իրավական, քաղաքական հիմքեր կան, բայց միևնույն ժամանակ մենք հասկանում ենք, որ իմպիչմենտն առանց հիմքերի հենց այնպես գործընթաց չպետք է լինի»,- ասաց նա:
Ըստ պատգամավորի՝ դրա հիմքերը նախևառաջ լուրջ հաշվարկների վրա են ձևավորված․
«Պետք է լինի նաև մեր ընդվզող ժողովրդի աջակցությունը, որ իմպիչմենտը կայանա, որ նաև կարողանանք ազդեցություն գործել այն քաղաքական ուժի պատգամավորների վրա, որոնք պետք է վերջնականապես հաջողացնեն այդ իմպիչմենտը»:
Սեյրան Օհանյանը նշեց, որ նախաձեռնության հեղինակները գիտեն՝ այդ գործընթացը սկսելու համար պետք է 36 ձայն, իսկ հաջողությամբ ավարտի համար՝ նաև 54 պատգամավորների, այդ թվում՝ ՔՊ-ի ձայները։
Ըստ նրա՝ նախաձեռնության հեղինակները որևիցե մի քաղաքական ուժ չեն ներկայացնում և նաև պատասխանատվություն չեն կրում:
«Այս տարիների ընթացքում աշխատանքը ցույց է տալիս, որ նույնիսկ, եթե ընդվզող աջակցություն լինի, դեռևս չենք կարող իմանալ՝ հաջողություն կունենա՞նք, թե՞ չէ»,-ասաց նա։
Օհանյանը նշեց, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորներին թիրախավորելն իրենց համար անընդունելի է:
«Մենք ասում ենք, որ մեզ հետ շանտաժի լեզվով չի կարելի խոսել»,- ընգծեց՝ շեշտելով, որ ընտրություններին մեկ տարուց էլ քիչ է մնացել և որ ժամանակից շուտ արդեն «ոչ քաղաքական ուժերն ընդհատակից թիրախավորել են իրենց»։