«Չպետք է տրվեի սադրանքին». Նոր Նորքի թաղապետը ներողություն խնդրեց հանրությունից


«Չպետք է տրվեի սադրանքին». Նոր Նորքի թաղապետը ներողություն խնդրեց հանրությունից
Մայիս 5 10:00 2025

Բռնության որեւէ ձև, լինի ֆիզիկական բռնություն, լինի բռնությունը խոսքով, վիրավորանքով, սադրանքով, մեզ համար անընդունելի է: Այս մասին, այսօր՝ մայիսի 5-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով օրեր առաջ Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպին:

Նա, մասնավորապես, նշեց. «Երևանի քաղաքապետարանի յուրաքանչյուր աշխատակից և մասնավորապես վարչական շրջանի ղեկավարները, որոնք Երեւանի քաղաքապետի ներկայացուցիչներն են տվյալ վարչական շրջանում, պարտավոր են ցուցաբերել զսպվածություն կյանքի բոլոր պարագաներում: Սադրանքները միշտ կան, ամենուրեք են և միշտ կլինեն: Անընդհատ որեւէ մեկը որեւէ թեմայով որեւէ սուտ կասի եւ էդ սուտը վստահաբար մենք կարող ենք որպես սադրանք ընդունել: Այնուամենայնիվ, ես դատավորի դեր չեմ ստանձնելու, կա քրեական գործ և նաեւ քրգործի էությունը ցույց է տալիս, որ կա նաեւ երկրորդ կողմ: Այսինքն կա խուլիգանության հոդվածով անձինք, որոնք  ներգրավված են եւ վարույթ է իրականացվում: Այնուամենայնիվ, պարոն Տեր-Մարգարյան, կարծում եմ՝ դուք պետք է ասելիք ունենաք տեղի ունեցածի վերաբերյալ»:

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն ի պատասխան ասաց. «Այո, տեսարանը ոչ հաճելիներից էր, եւ կարծում եմ՝ որպես վարչական շրջանի ղեկավար չպետք է տրվեի սադրանքին, պետք է առավելագույնս պահպանեի զսպվածություն: Ցավում եմ տեղի ունեցածի համար եւ ձեզանից, պարոն քաղաքապետ եւ մեր հանրությունից եւս մեկ անգամ հայցում եմ ներողամտություն և հավատացնում եմ, որ դրանից հետո ես ինքս եկել եմ բազմաթիվ եզրահանգումների»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ առավոտյան թաղապետարանի շենքում ծեծկռտուք է տեղի ունեցել: Թաղապետարանի աշխատակիցները՝ թաղապետի մասնակցությամբ ծեծի են ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին: Ոստիկանության աշխատակիցները  բերման են ենթարկել միայն Չախոյանին: Ոստիկանությունից հայտնել են, որ նա հրավիրվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին՝ հաղորդում ներկայացնելու: