Ինչպես է առաջացել Մարտի 8-ը


Ինչպես է առաջացել Մարտի 8-ը
Մարտ 8 00:00 2024

Կանանց միջազգային տոնին առնչվող առաջին պատմական իրադարձությունը տեղի է ունեցել 1857թ. մարտի 8-ին, երբ Նյու Յորքի տեքստիլ գործարանների կին աշխատողներն իրենց իրավունքների պաշտպանության համար քայլերթով անցան քաղաքի փողոցներով: Պատճառը ցածր աշխատավարձն ու աշխատանքի անբավարար պայմաններն էին: Նրանք բողոքում էին 16-ժամյա աշխատանքի դեմ:

 

Կես դար անց` 1908թ.-ի նույն օրը, Նյու Յորքի սոցիալ-դեմոկրատական կազմակերպության ակտիվիստները կանանց իրավունքների պաշտպանության համար ցույց կազմակերպեցին: 1909թ. Ամերիկայի սոցիալիստական կուսակցությունը փետրվարի վերջին կիրակին «Կանանց ազգային օր» հռչակեց:

 

«1910թ. Դանիայի Կոպենհագեն քաղաքում անցկացվող Բանվորուհիների երկրորդ միջազգային կոնֆերանսի ընթացքում որոշվեց, որ աշխատավոր կնոջ` բանվորուհու ընտրական իրավունքը, աշխատանքի ապահովությունն ու վարձատրության հավասարությունը կարող են ձեռք բերվել միայն հեղափոխական կռվի ճանապարհով:

Այս որոշմանն իբրև նշան Կլարա Ցետկինի առաջարկությամբ կոնֆերանսը որոշեց մարտի 8-ը հայտարարել Բանվորուհու միջազգային տոն»,- գրել է «Խորհրդային Հայաստանը» 1924թ. մարտի 8-ին: «Միայն 1917թ. Ռուսաստանի բանվորուհիները մարտի 8-ին հեղափոխական քայլերով դուրս եկան փողոց` իրենց բողոքի ձայնը հնչեցնելու կալվածատերերի և կապիտալիստների կառավարության դեմ` պահանջելով հաց և խաղաղություն:

1917թ. մարտի 8-ին (հին տոմարով` փետրվարի 23-ին) Պետրոգրադի բանվորուհինեը ցույցեր արեցին, որին անմիջապես արձագանք տվեցին ու միացան հարյուրհազարավոր բանվորներ ու զինվորներ»,- գրում է նույն թերթը: Առաջին անգամ կանանց միջազգային օրը նշվել է 1911թ. Ավստրիայում, Գերմանիայում, Դանիայում և Շվեյցարիայում: Ռուսաստանում այն առաջին անգամ նշվել է 1914թ.:

1977թ. Միավորված ազգերի կազմակերպությունը մարտի 8-ը հռչակեց «Կանանց միջազգային տոն»: ՀՀ անկախության հռչակումից հետո` 1996թ., մարտի 8-ը հանվեց երկրի պետական տոնացույցից: Փոխարենն ապրիլի 7-ը հռչակվեց «Մայրության ու գեղեցկության օր»: Այնուհետև` 2001թ., ընդունվեց տոների և հիշատակի օրերի մասին նոր օրենք, որով մարտի 8-ը կրկին վերականգնվեց պետական տոնացույցում: