Հացադուլ հայտարարած Պարույր Հայրիկյանը վաղը գլխավոր դատախազություն է գնալու՝ Նիկոլ Փաշինյանի գործողությունների իրավական հետևանքներով հետաքրքրվելու:
Հայրիկյանի խոսքով՝ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքը խախտելու, իրենց ներկայացրած բարեփոխումների հայեցակարգն ու սահմանադրության նախագիծը քննարկման չդնելու հետևում նաև Փաշինյանն է կանգնած։
«Նիկոլ Փաշինյանին դրա մեջ մեղադրում եմ, վաղը կգնամ, տեսնեմ ՝ դատախազն ինչ է ասում: Նիկոլ Փաշինյանը հանցանք է կատարել, պետք է գործ հարուցեն: Իշխանության չարաշահմամբ՝ ժողովրդավարությունը գետնով տալու համար»,- Aysor.am-ին ասաց նա։
Անդրադառնալով երեկ արադարադատության նախարար Սրբուհի Գալյանի հետ հանդիպմանը՝ Հայրիկյանը նշեց. «Ասաց՝ նամակս չեն ստացել, ուրեմն իրենց համակարգում գաղտնի գործակալներ կան, որ կարևոր նամակերը մեկուսացնում են: Ասացի՝ պարզեք, գտեք ձեր մոտ, որովհետև մենք նամակի հանձնման տվյալներն ունենք» :
Ինչ վերաբերում է հացադուլը դադարեցնելուն, Հայրիկյանն ասաց՝ հացադուլով փորձել է հարցի վրա ուշադրություն սևեռել, իրեն հաջողվել է. «Ես կարող էի երեկ էլ վերջացրած լինել հացադուլը, բայց գիտեմ՝ այս բացասական բաները կոնկրետ Նիկոլ Փաշինայնից են բխում: Արդարադատության նախարարությունը 3 նամակ է ստացել, Փաշինյանը՝ 5: Տեսնեմ՝ ինչ կպատասխանի Փաշինյանը: Կարող է՝ մեկը ինձ այնքան լավ համոզի, որ ասեմ՝ հացադուլին բավարար է, բայց առայժմ տրամադրված եմ շարունակել»:










