Նիկոլ Փաշինյանը որևէ իրավասություն չունի միանձնյա որոշումներ կայացնելու Արցախի ու Հայաստանի համար անվտանգային կարևորություն ներկայացնող հարցերում. «Ապրելու երկիր»


Նիկոլ Փաշինյանը որևէ իրավասություն չունի միանձնյա որոշումներ կայացնելու Արցախի ու Հայաստանի համար անվտանգային կարևորություն ներկայացնող հարցերում. «Ապրելու երկիր»
Մայիս 25 15:55 2023

«Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարություն է տարածել Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունների վերաբերյալ.

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ վերջին օրերին հնչեցրել է հայտարարություններ, որոնք ամբողջությամբ հակասում են Արցախի հիմնահարցի խաղաղ ու արդարացի լուծման վերաբերյալ նույն Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական թիմի ստանձնած պարտավորություններին:

 

Փաշինյանը խոսել է նաև ՀՀ տարածքների հարցում զիջումների գնալու իր պատրաստակամության մասին: Նրա նշած գյուղերը Ադրբեջանին զիջելու դեպքում Հայաստանի կապուղիները Վրաստանի ու Իրանի հետ հայտնվում են հակառակորդի վերահսկողության տակ:

Նիկոլ Փաշինյանը իր որդեգրած քաղաքականությամբ փաստացի արդարացնում է ագրեսիայի և պատերազմի միջոցով հարցեր լուծելու Ադրբեջանի գործելաոճը:

Եթե ՀՀ ղեկավարությունը պատրաստ է հրաժարվել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից, փոխել հակամարտության էությունը Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով, ուրեմն դրանով իսկ նա ընդունում է պատերազմի միջոցով խնդիրներ լուծելու գործելաոճը։

 Հաշվի առնելով Ադրբեջանի ագրեսիվ և ծավալապաշտական նկրտումները Հայաստանի Հանրապետության նկատմամբ` և այն հանգամանքը, որ Ադրբեջանի ղեկավարը այսօր «Արևմտյան Ադրբեջան» է անվանում Հայաստանի Հանրապետության տարածքը, Փաշինյանի գործելաոճը ընկալվելու է որպես Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիայի գնալու թույլտվություն։ Ուստի չհիմնավորված ու միակողմանի զիջումներով «խաղաղություն» հաստատելու այս քաղաքականությունը միմիայն մեծացնում է էսկալացիաների ու մեր պետության դեմ ագրեսիվ քայլերի հավանականությունը՝ բացառելով իրական ու արդարացի խաղաղության հաստատման հնարավորությունը:

 Հարկ ենք համարում ևս մեկ անգամ արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանը և նրա քաղաքական թիմը չեն ստացել մանդատ նման վտանգավոր և պետական շահերին հակասող գործողությունների գնալու համար: Նրանք իշխանության են եկել Արցախի ինքնորոշման իրավունքի համար պայքարելու խոստումով: Նիկոլ Փաշինյանը որևէ իրավասություն չունի միանձնա որոշումներ կայացնելու Արցախի ու Հայաստանի համար անվտանգային կարևորություն ներկայացնող հարցերում:

Այն պարագայում, երբ Ադրբեջանը ամենաբարձր մակարդակով ամենօրյա ռեժիմով ի ցույց է դնում իր ագրեսիվ ու ծավալապաշտապան ծրագրերը Հայաստանի ու Արցախի նկատմամբ, Նիկոլ Փաշինյանի նման հայտարարությունները փաստում են, որ գործող ուժը չունի ունակություն և ցանկություն առերեսվել իրական սպառնալիքների հետ, առավել ևս՝ քայլեր ձեռնարկել դրանց դիմակայելու ուղղությամբ:

Եվս մեկ անգամ կոչ ենք անում իշխանություններին չանել հայտարարություններ, որոնք հարցականի տակ են դնում Արցախում ապրող 120 հազար հայերի, այդ թվում, 30 հազար երեխաների ֆիզիկական գոյությունը և արժեզրկում են մեր ժողովրդի երեսունամյա պայքարը, որի գլխավոր նպատակն է եղել Արցախում մեր հայրենակիցների դեմ ցեղասպան գործողությունների կանխումը:

Միաժամանակ, հարկ ենք համարում շեշտել, որ Նիկոլ Փաշինյանը պարտավոր է համաժողովրդական հանրաքվեի դնել Հայաստանին, Արցախին և հայ ժողովրդին առնչվող և ճակատագրական նշանակություն ունեցող յուրաքանչյուր հարց, քանի որ նա չունի մանդատ ու լեգիտիմության անելու գործողություններ, որոնք կսպառնան Արցախի հետագա գոյությանը, Հայաստանի պետականությանը և ազգային անվտանգությանը»: