«Հրապարակ». «Լավանդա սիթի» թաղամասի բնակիչները մնացել են օդում կախված


«Հրապարակ». «Լավանդա սիթի» թաղամասի բնակիչները մնացել են օդում կախված
Մարտ 18 11:47 2023

Տարիներ առաջ գործարար Արայիկ Հայրապետյանը պլանավորեց եւ Սեւան քաղաքում հիմնեց «Լավանդա սիթի» թաղամասը, որտեղ կառուցել է մոտ 400 քոթեջ: Սեւանի ափին գտնվող այդ գողտրիկ թաղամասը շատերին է գրավել: Սակայն որոշ ժամանակ անց Սեւանի ջրի մակարդակը բարձրացավ, որոշ տնակներ բնակության համար դարձան ոչ պիտանի, եւ որոշ գնորդներ հայտնվեցին տուժողի կարգավիճակում:

Թաղամասի մյուս բնակիչներն էլ, որոնց տները դեռ օգտագործման պիտանի են, մտահոգ են լճի երկայնքով ճեմուղու կառուցման հետ կապված: Բացի դա, բնակիչները պնդում են, որ տարիներ շարունակ ամսական 25 հազար դրամ գումար են վճարել Արայիկ Հայրապետյանի ընկերությանը։ «Մենք մեր բնակարանները գնել ենք պայմանագրով: Տարիներ շարունակ վճարել ենք ամեն ամիս 25 հազար դրամ: Մեզ ասել են, որ այդ գումարից պետք է հողի հարկ վճարվի, գումարի մեջ մտնում են նաեւ աղբահանությունը, պահակային ծառայությունը: Բնակարանները գնելուց հետո՝ 2018 թվականին, մեզ «Սեւան» ազգային պարկը ծանուցումներ ուղարկեց, որ եկեք ձեր բնակարանները քանդեք, եթե ոչ, մենք կգանք կքանդենք, եւ քանդելու գումարն էլ դուք մեզ կտաք: Գնացինք ազգային պարկ, հասկացանք, որ Արայիկը, փաստորեն, իրեն սնանկ է ճանաչել եւ հողերի պայմանագիրը հանձնել է ազգային պարկին եւ իր բիզնես ծրագիրը կանգնեցնում է՝ առանց բնակիչներին տեղյակ պահելու: Մենք այդ գործողության մասին իմանում ենք 2018 թվականին, բայց մինչեւ 2017 թվականը ես 25 հազար դրամ ամեն ամիս վճարել եմ Արայիկ Հայրապետյանի օֆիսին: Դրանից հետո մենք հասկանում ենք, որ էդ մարդը մեզնից գումարները վերցրել է ու ոչ մի հարց չի լուծել: Մենք ազգային պարկին ներկայացրինք մեր վկայականները, որ մեր բնակարաններն օրինական են՝ չեն կարող քանդվել: Հիմա էլ չեն թողնում, որ մենք մեր տարածքը բարեկարգենք, բերել՝ մի ֆիկտիվ անձնավորություն է դրել, որ աշխատի եւ մեզնից գումարներ վերցնի, տանի հանձնի Արայիկին: Կոնկրետ ես հիմա ոչ մի գումար էլ չեմ վճարում: Ինչի՞ համար վճարեմ՝ ո՛չ օրինական թուղթ է տալիս, ո՛չ բարեկարգում է տարածքը»,- մեզ հետ զրույցում ասաց Սվետլանա Քալանթարյանը, ով 2006 թվականից «Լավանդա սիթիի» բնակիչ է:

Թե ինչ ճակատագիր կունենա այս թաղամասը, շրջակա միջավայրի նախարարությունից ասացին, որ 1905 նիշից ցածր բոլոր շինությունները ենթակա են ապամոնտաժման. «Նախարարությունը մի շարք տարածքներ ունի, որտեղ նույնիսկ ազգային պարկի ուժերով են տարածքները մաքրվում: Մեզ համար առաջնայինը լճի էկոհամակարգի պահպանությունն է: Եթե դա սահմանված նիշից ցածր է եւ ջրածածկման ենթակա է, դա մաքրվում է, այս պահին «Լավանդա սիթիի» պահով ես չեմ կարող ոչինչ ասել»:

Մենք տեղեկացանք, որ բնակիչները նաեւ գույքահարկ են վճարում Սեւանի համայնքապետարանին, իսկ հողի հարկը՝ «Սեւան» ազգային պարկին: «Սեւան» ազգային պարկի տնօրենի տեղակալ Արայիկ Հունանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ 2018-ին ազգային պարկի կողմից ծանուցումներ են ուղարկվել բնակիչներին՝ տների քանդման վերաբերյալ. «Հիմա այդ գործընթացը դադարեցվել է, քանի որ բնակիչներն ունեին սեփականության վկայականներ: Քանի դեռ տարածքը ջրածածկված չէ, օրենքով գրանցված իրավունքներ ունեն իրենք, Կադաստրի կոմիտեի կողմից վկայականներ են տրված, այդ մարդիկ օգտագործում են: Տարածքում կան այլ շենք-շինություններ, որոնք ենթակա են ապամոնտաժման։ Ջրածածկման դեպքում դրանք պետք է ապամոնտաժել»:

Մենք Արայիկ Հայրապետյանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է ստացվել, որ իր ընկերությունը՝ «Լավանդա սիթի-շին» ՍՊԸ-ն, քոթեջները կառուցելուց եւ վաճառելուց հետո սնանկ է ճանաչվել։ «Ես կապ չունեմ, կառուցել եմ եւ իմ գործն ավարտել եմ 10 տարի առաջ»:

- Բնակիչները պնդում են, որ մինչեւ 2017 թվականը ամեն ամիս 25 հազար դրամ են փոխանցել Ձեր ընկերությանը:

- Դա ինձ հետ կապ չունի:

- «Լավանդա սիթի-շին» ՍՊԸ-ն Ձեզ չի՞ պատկանում:

- Ոչ, նայեք տեսեք, թե ով է տնօրենը:

«Լավանդա սիթի-շին» ՍՊԸ-ի տնօրենը Գրիգոր Փարսյանն է, ով տնօրեն է նշանակվել 2021 թվականին։ «Տարածքը լավ իմանալով՝ առաջարկել են, որ ես տնօրեն լինեմ, ես սպասարկում եմ աղբահանություն, պահակություն, տարածքի լուսավորություն, տան միջի վերանորոգում: Որտեղ որ սպասարկում է լինում, դրանց վճարում է լինում: Սահմանված գումար չկա սպասարկման համար։ Նայած թե որ բնակիչն ինչ է ուզում»,- ասաց Փարսյանը: Հարցին՝ իսկ ընկերության սեփականատերն Արայիկ Հայրապետյա՞նն է, Փարսյանը կցկտուր պատասխանեց. «Հիմա սեփականատերն ինքը չէ, իր ծանոթներից մեկն է»:

 

 



loading...