ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանը չի բացառել, որ գազի գնի թանկացման դեպքում Հայաստանը բարձրացնի 102-րդ ռազմաբազայի վարձավճարը


ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանը չի բացառել, որ գազի գնի թանկացման դեպքում Հայաստանը բարձրացնի 102-րդ ռազմաբազայի վարձավճարը
Սեպտեմբեր 11 23:57 2026

«Փաստացի այն առաքելությունը, որով որ 102-րդ ռազմաբազան տեղակայվել է ՀՀ-ում, այդ առաքելության շրջանակում փաստը կայանում է նրանում, որ ռազմաբազան իր առաքելությունը չի իրագործել, մասնավորապես բազմիցս մատնանշվել են 21 և 22 թվականի դեպքերը, երբ որ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը ենթարկվել է հարձակման։ Դա է ասում պայմանագիրը։ Պարտավոր է պաշտպանել Ռուսաստանի Դաշնության շահերը և Հայաստանի Հանրապետության հետ, Հայաստանի Հանրապետության շահերը համատեղ»,- Factor TV-ին տված հարցազրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանը։

Նա պնդեց, որ ռազմաբազայի դուրսբերումը բացասաբար չի ազդի Հայաստանի անվտանգության վրա, քանի որ այն չի կատարել իր պարտավորությունները։

Պատասխանելով հարցին, թե Հայաստանը Ռուսաստանին կդիմի բազան հանելու պահանջով, Գաբրիելյան ասաց. «Կարծում եմ, որևիցե բան բացառված չի ապագայում։ Դա երկու պետությունների փոխհարաբերությունների շրջանակում ևս մեր իրավունքի մեջ է մտնում, որովհետև ըստ պայմանագրի՝ ռազմաբազան կարող է Հայաստանի Հանրապետությունից դուրս բերվի կողմերից մեկի պահանջով»։

Անդրադառնալով այսօր ճեպազրույցում Փաշինյանի ակնարկին, թե գազի թանկացման դեպքում Հայաստանը ևս կարող է «թանկացնել» որոշ բաներ, Գաբրիելյանը հաստատել է, որ դա կարող է վերաբերել նաև ռազմաբազայի վարձավճարի բարձրացմանը. «Ինչո՞ւ ոչ։ Այո՛։ Իմ անձնական տեսակետը նաև դա է»։