Կչեղարկի՞ արդյոք Գագիկ Ջհանգիրյանի՝ հիվանդանոցում հայտնվելը նրա հրաժարականը


Կչեղարկի՞ արդյոք Գագիկ Ջհանգիրյանի՝ հիվանդանոցում հայտնվելը նրա հրաժարականը
Հունիս 27 13:47 2022

 

ԱԺ արտահերթ նիստում այս պահին քննարկում են Վճռաբեկ դատարանի նորաստեղծ պալատների դատական կազմերի դատավորների թափուր տեղերի համար առաջադրված թեկնածուների ընտրության հարցը։ Թեկնածուներին, սակայն, ներկայացնում է ոչ թե Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանը, այլ ԲԴԽ անդամներից Դավիթ Խաչատուրյանը։

Խաչատուրյանը պարզաբանեց, որ Ջհանգիրյանն ունի առողջական խնդիրներ, և այս պահին նրան վիրահատության են ենթարկում, կամ, գուցե արդեն վիրահատել են

168.am-ի հարցին ի պատասխան՝ ԲԴԽ-ից տեղեկացրեցին, որ Գագիկ Ջհանգիրյանը Երևանի հիվանդանոցներից մեկում է, հետազոտման և բուժման փուլում, որի շրջանակներում բժիշկները կորոշեն, թե ըստ անհրաժեշտության՝ երբ կվիրահատեն: Այլ մանրամասներ չփոխանցեցին:

168.am-ի տեղեկություններով, սակայն, Գագիկ Ջհանգիրյանն այսօր աշխատանքից ազատվելու դիմում պիտի գրեր: Միգուցե նրա առողջության վատացումը դրանո՞վ է պայմանավորված:

Ըստ ամենայնի, Գագիկ Ջհանգիրյանի՝ հիվանդանոցում հայտնվելը կհետաձգի նրա հրաժարականը, բայց կչեղարկի՞ արդյոք, թե՞ ոչ, ցույց կտան ժամանակն ու Խաչատուր Սուքիասյանի բանակցությունները Նիկոլ Փաշինյանի հետ:

Առողջություն ենք մաղթում Գագիկ Ջհանգիրյանին:



loading...