Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը պաշտոնապես հայտարարել է ազգային թիմում իր ելույթներն ավարտելու մասին․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Որոշել եմ ավարտել ելույթներս Հայաստանի ազգային հավաքականում։ Այս որոշումն ընդունելը հեշտ չէր․ հավաքականի մարզաշապիկը կրելն իմ կյանքի ամենամեծ պատիվներից է եղել։
Իռլանդիայի դեմ իմ առաջին պաշտոնական հանդիպումից մինչև հավաքականում անցկացրած վերջին խաղս՝ այս ճանապարհի յուրաքանչյուր պահն ինձ համար թանկ է և ընդմիշտ կմնա իմ հիշողության ու սրտի մեջ։ Մեր հաղթանակները, դժվարությունները, ձեր աջակցությունն ու միասին ապրած հույզերը միշտ ինձ հետ են լինելու։
Առանձնահատուկ շնորհակալություն Եղիշե Մելիքյանին՝ վստահության և ինձ կրկին հավաքականում տեսնելու ցանկության համար։ Միշտ հավատացել եմ, որ հավաքականին պետք է ներկայանալ լիարժեք առողջ ու լավագույն մարզավիճակում՝ պատրաստ տալու առավելագույնը։ Այսօր զգում եմ, որ չեմ կարող թիմին տալ այնքան, որքան ինքս եմ ինձնից պահանջում:
Շնորհակալ եմ բոլոր մարզիչներին՝ վստահության, թիմակիցներիս՝ ուս-ուսի անցած ճանապարհի, հավաքականի ամբողջ անձնակազմին՝ ամենօրյա աշխատանքի համար։ Շնորհակալ եմ ընտանիքիս ու մեր երկրպագուներին՝ սիրո և աջակցության համար, հատկապես ամենադժվար պահերին։
Մեր հավաքականին մաղթում եմ հաջողություններ ու հաղթանակներ, որոնք հպարտություն ու ուրախություն կպարգևեն բոլորիս։ Միշտ ձեր կողքին եմ լինելու և ամբողջ սրտով ուրախանալու եմ ձեր յուրաքանչյուր հաջողությամբ։
Շնորհակալ եմ այս տարիների համար, իմ հավաքակա՛ն»։










